Արդեն ավելի քան 10 օր է, որ մեկնարկել է հունվարյան տրանսֆերային պատուհանը, բայց կարծես ոչ թե հունվարը լինի, այլ հուլիսը: Գործարքներն իրականանում են աննախադեպ հաճախականությամբ, ներգրավված ակումբներն ու ֆուտբոլիստներն էլ թոփ են:
Ֆերան Տորեսը տեղափոխվեց «Բարսելոնա», այն էլ, եթե հաշվենք նաև հավելավճարները, 65 մլն եվրոյի դիմաց: «Նյուքասլն» սկսեց իր տրանսֆերային արշավը՝ գնելով «Ատլետիկոյի» աջ լատերալ Կիրան Տրիպյեին, իսկ Ֆիլիպե Կոուտինյոն նորից հեռացավ «Բարսայից» ու այս անգամ էլ վարձավճարով: Բրազիլացին «Ասթոն Վիլայում» վերամիավորվեց Սթիվեն Ջերարդի հետ, որը նրա խաղընկերն էր «Լիվերպուլում»:
Բայց սա դեռ միայն սկիզբն է: Եվրոպական մի շարք գրանդներ դեռ մտնելու են գործի մեջ: Արդեն հիմա ամենահայտնի ինսայդերները խոսում են ոչ միայն կոնկրետ տրանսֆերային գործընթացների, այլ նաև սպասվելիք գործարքների մասին: Փորձենք հասկանալ՝ ինչ հետաքրքիր տրանսֆերներ է պետք սպասել ձմեռային պատուհանից:
«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԿՓՈՐՁԻ ՓՈԽԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎԻ ՖԵՐԱՆ ՏՈՐԵՍՈՎ
«Բարսելոնան», չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին (ինչի պատճառով էլ բաժանվեց Մեսիից), ամեն ինչ անելու է՝ իրավիճակը շտկելու համար: Իրավիճակ, որը վատագույնն է վերջին 15 տարիների ընթացքում. «Բարսան» այս պահին Լա լիգայի քառյակում չէ ու առաջատար «Ռեալին» զիջում է 17 միավոր, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության զամբյուղում լինելու փոխարեն թիմն ուղևորվել է Եվրոպա լիգա:
Ժոան Լապորտան հասկանում է, որ այստեղ անհրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն, ու նույնիսկ Չավին առանց համալրումների ոչ մի հաջողության չի հասնի: Ֆերան Տորեսն ու Դանի Ալվեսն արդեն եկել են, բայց նրանցով ակումբի տրանսֆերային գործունեությունը չի ավարտվի այս ամիս: «Բարսան» փորձելու է Գավիի, Նիկոյի, Ռիկի Պուչի ու մյուս երիտասարդների շարքում ընդգրկել եվրոպական ֆուտբոլում մեծ փորձ ունեցող գոնե 1-2 ֆուտբոլիստի:
Առաջին անունը, որ շրջանառվում է, Սեզար Ասպիլիկուետան է: 32-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» ավագն է, գրեթե 10 տարի ցույց է տալիս բարձր խաղամակարդակ, շարունակաբար նվաճում է տիտղոսներ, ունիվերսալ է. կարող է խաղալ պաշտպանության տարբեր դիրքերում: Եվ, որ ամենակարևորն է, Ասպին կարծես բաց է նոր մարտահրավերների համար, քանի որ աստիճանաբար նա իր տեղը «Չելսիում» զիջում է ավելի երիտասարդների, իսկ Իսպանիա վերադառնալու գաղափարը գրավում է նրան:
Եվ երկրորդ ֆուտբոլիստը, որ կարող է ձեռք բերել «Բարսելոնան», Ալվարո Մորատան է: Վերջին օրերին իսպանական մամուլն ակտիվորեն գրում է իսպանացու՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին, ինչը, բնականաբար, առաջացրել է երկրպագուների զարմանքը՝ հաշվի առնելով, որ Մորատան նախկինում խաղացել է «Ռեալում» ու «Ատլետիկոյում»:
Մասիմիլիանո Ալեգրին կտրականապես հերքեց այդ լուրը, բայց «Բարսելոնայում» շարունակում են հավատալ գործարքի իրականացմանը: Ագուերոյի կարիերայի վաղաժամ ավարտից հետո թիմը «9» համար է փնտրում. Դեպայն ու Ֆերան Տորեսը սիրում են խաղալ եզրերում, Լյուկ դե Յոնգի հետ էլ լուրջ խնդիրներ չես լուծի: Sky Sports-ն էլ գրում է, որ «Բարսան» «Յուվեին» կարող է առաջարկել Մորատա-Դեպայ փոխանակում: Տեսնենք...
ՎԻՆԳԵՐՆԵՐԻ «ԿԱՐՈՒՍԵԼՆ» ԱՄԲՈՂՋ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Հունվարի տրանսֆերային պատուհանին, ինչպես սովորաբար ամռանն է լինում, կարող է գործել «դոմինոյի էֆեկտը», երբ մեկ տրանսֆերի հետևանքով կայանում են նոր գործարքներ:
Այս հունվարին ամենամեծ շրջանառություն ունեցող դիրքը վինգերինն է: Արդեն կայացել է առաջին գործարքը. «Այաքսի» բրազիլացի եզրային հարձակվող Դավիդ Ներեսը համալրել է Դոնեցկի «Շախտյորի» շարքը: Ամստերդամյան ակումբն էլ բրազիլացուն փոխարինելու համար բացել է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Սթիվեն Բերգվեյնի ճանապարհը: Անտոնիո Կոնտեն հույսեր չի կապում հոլանդացու հետ, իսկ Տեն Հագի թիմի համար Բերգվեյնը բավական լավ համալրում կարող է լինել՝ հաշվի առնելով, որ նա ՊՍՎ-ի նախկին ֆուտբոլիստ է ու Էրեդիվիզիի փորձ ունի: «Տոտենհեմն» էլ իր հերթին մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեսի Լինգարդին, որն էլ տեղ չունի Ռալֆ Ռանգնիկի ծրագրերում:
«Յունայթեդի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Անտոնի Մարսիալը, նույնպես կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում ու շատ քիչ խաղաժամանակ է ստանում: Ֆրանսիացին ցանկանում է հեռանալ, «Սևիլիան» էլ կապ էր հաստատել «Յունայթեդի» հետ, բայց անգլիական ու իսպանական ակումբների պատկերացնումները Մարսիալի արժեքի վերաբերյալ շատ տարբեր են: Համաձայնություն չկա:
Փոխարենը «Սևիլիան» գնեց «Պորտուի» վինգեր Խեսուս Կորոնային: Խուլեն Լոպետեգին վաղուց էր ցանկանում աշխատել «Տոկատիտոյի» հետ. «Նրան գրկաբաց կընդունեմ առանց երկար մտածելու», - օրեր առաջ հայտարարել էր իսպանացի մասնագետը:
Ի՞ՆՉ ԿԱՆԻ «ՆՅՈՒՔԱՍԼԸ»
Բոլորի ուշադրության կենտրոնում «Նյուքասլն» է: Ամիսներ առաջ այս ակումբն էլ սկսեց դասվել, ինչպես Ֆլորենտինո Պերեսն է սիրում ասել, «արտոնյալների» շարքին. ՊՍԺ-ի հովանավորը Կատարն է, «Մանչեսթեր Սիթիինը»՝ ԱՄԷ-ն, իսկ «Նյուքասլինը»՝ Սաուդյան Արաբիան:
Միանգամից սկսեցին խորհրդանշական հավաքականներ կազմել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներով, բայց, իհարկե, այս ակումբը քայլ առ քայլ պետք է ոտքի կանգնի: Այս պահին «Նյուքասլը» նախավերջինն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, ու ակումբն ամեն ինչ անելու է՝ հունվարյան սպասվելիք հեղափոխությունից հետո փրկվելու և ուժեղագույնների շարքում մնալու համար:
«Նյուքասլն» արդեն ձեռք է բերել Կիրան Տրիպյեին «Ատլետիկոյից» և Քրիստ Վուդին «Բարնլիից»: Այս վերջին ձեռքբերումն ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ «Նյուքասլը» գնեց իր անմիջական մրցակցի՝ «Բարնլիի» վերջին 3 տարիների լավագույն ռմբարկուին:
Ըստ ամենայնի՝ «Նյուքասլը» կանգ չի առնելու: Արդեն հիմա խոսվում է, որ ակումբը մտադիր է գնել «Մոնակոյի» խոստումնալից կենտրոնական պաշտպան Բենուա Բադիաշիլեն, որին ժամանակին Զիդանն էր ցանկանում հրավիրել «Ռեալ»:
Ակումբը հետաքրքրված է նույն դիրքի մեկ այլ ֆուտբոլիստով՝ «Սևիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսով, բայց նրա համար «Նյուքասլն» ստիպված է շատ ավելի մեծ գումար վճարել: Խոսում են 40-50 մլն եվրոյի մասին:
ԱՐՏՈՒՐԸ՝ «ԱՐՍԵՆԱ՞Լ»
«Արսենալն» այս մրցաշրջանում բավական մեծ խաղային աճ է գրանցել, ինչն ազդել է նաև թիմի արդյունքների վրա: Միկել Արտետայի թիմը վերջին 4-5 տարիների ընթացքում առաջին անգամ ռեալ շանս ունի լավագույն քառյակում ընդգրկվելու:
Բայց կազմում հավասարակշռվածությունը լավագույնը չէ: Այո՛, «Արսենալի» հարձակումն ուժեղ է շնորհիվ տաղանդավոր երիտասարդներ Բուկայո Սակայի, Մարտին Էդեգորի, Էմիլ Սմիթ-Ռոուի ու Գաբրիել Մարտինելիի, բայց պաշտպանությունում ու կենտրոնում թիմն ունի խնդիրներ:
Լոնդոնյան ակումբը ցանկանում է մինչև վերջ մնալ լավագույն քառյակի մրցավազքում, և Արտետային պետք են համալրումներ: Ըստ անգլիական մամուլի վերջին տեղեկությունների՝ «Արսենալը» բանակցություններ է սկսել «Յուվենտուսի» հետ՝ կիսապաշտպան Արտուր Մելոյին գնելու համար:
Արտուրի մուտքը Եվրոպա այնքան էլ լավ չի ստացվում. «Գրեմիոյի» կազմում փայլելուց հետո նա պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ: Չադապտանալուց հետո ուժերը փորձեց «Յուվենտուսում», բայց այնտեղ էլ նույնիսկ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չի համարվում:
Արտուրը կարող է հրաշալի համալրում լինել «Արսենալի» համար, լոնդոնյան թիմն էլ կարիերայի լավ շարունակություն կլինի բրազիլացու համար: Արտետայի ֆուտբոլը հենց այն է, ինչը կարող է օգնել Արտուրին՝ դրսևորելու լավագույն որակները:
Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԹՈՓ ԱԶԱՏ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՀԵՏ
Այս տարի մի շարք թոփ ֆուտբոլիստներ դառնում են ազատ գործակալ: Իհարկե, նրանցից յուրաքանչյուրի իրավիճակը տարբեր է:
- Կիլիան Մբապե. Ֆրանսիացին հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի հեռանա ՊՍԺ-ից հունվարին: Հաշվի առնելով, որ նա մինչ այժմ չի երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, ամենայն հավանականությամբ, հունիսին Մբապեին կտեսնենք «Ռեալի» մարզաշապիկը ձեռքին:
- Պոլ Պոգբա. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի ապագան խիստ անորոշ է: Պոգբան չի բացառում կարիերայի շարունակության ոչ մի տարբերակ: «Ռեալը» կարծես Զիդանի հեռանալուց հետո հրաժարվել է նրան գնելու մտքից, «Յուվենտուսն» էլ այդքան գումար չունի: Մնում է 2 տարբերակ՝ ՊՍԺ կամ «Յունայթեդ»:
- Անտոնիո Ռյուդիգեր. Գերմանացու անունը երկար ժամանակ կապում էին «Ռեալի» հետ, բայց վերջին շրջանում իսպանական մամուլը գրում է, որ համաձայնության գալ չի ստացվում. Ռյուդիգերը չափազանց բարձր աշխատավարձ է պահանջում: Բայց 28-ամյա ֆուտբոլիստը պահանջարկի պակաս չունի: «Բավարիան» ու ՊՍԺ-ն նույնպես ցանկանում են գնել նրան:
- Պաուլո Դիբալա. Թվում էր՝ արգենտինացին արդեն համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հետ, բայց արգենտինական հեղինակավոր TyC Sports-ը գրում է, որ Դիբալան որոշել է հեռանալ Թուրինից: Թե որ ակումբում կխաղա Դիբալան հաջորդ մրցաշրջանում, ոչ ոք չգիտի:
- Լորենցո Ինսինյե. «Նապոլիի» առաջատարներից մեկն արդեն պաշտոնապես համաձայնության է հասել ՄԼՍ-ը ներկայացնող «Տորոնտոյի» հետ ու հաջորդ մրցաշրջանում կխաղա կանադական ակումբում: