Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտել են Հայաստանի ներկայացուցիչներ Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ):
2016թ․ Եվրոպայի նախկին չեմպիոն Կարապետյանը ելույթ է ունեցել A խմբում և երկամարտի 352 կգ (166+186) արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: 26-ամյա ծանրորդը պոկում վարժությունում հաջողել է միայն առաջին մոտեցումը և 166 կգ արդյունքով զբաղեցրել 5-րդ տեղը: Հրում վարժությունում Կարապետյանը կրկին մեկ մոտեցում է հաջող կատարել՝ գլխավերևում պահելով 186 կգ ծանրաձողը և գրավելով 19-րդ տեղը:
Վարդան Մանուկյանը ելույթ է ունեցել B խմբում և երկամարտի 345 կգ (155+190) արդյունքով գրավել է 16-րդ տեղը: Պոկում վարժությունում նա երկու հաջող մոտեցում է ունեցել՝ զբաղեցնելով 16-րդ տեղը, իսկ հրում վարժությունում միայն հաջողել է առաջին մոտեցումը և ցուցադրել 15-րդ արդյունքը:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը երկամարտի 385 կգ (175+210) արդյունքով նվաճել է վենեսուելացի Ջովանի Կեյդոմար Սանչեսը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին պայքարի մեջ մտած Իզաբելյա Յայլյանը (59 կգ) ելույթ էր ունեցել B խմբում և երկամարտի 205 կգ (90+115) արդյունքով զբաղեցրել էր 18-րդ տեղը:
Տղամարդկանց պայքարում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ, իսկ կանանց մրցաշարում՝ 5։ Հայաստանի մյուս ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը ցուցադրվում է «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության եթերում։