Ծանրամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականներն այս գիշեր վերադարձել են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից: Եվրոպայի առաջնությունից մեդալներով վերադարձած ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ, մարզասերներ, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ լավ էր պատրաստվել առաջնությանն ու արել է առավելագույնը. «Շատ ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալը նվաճել: Չեմ կարող ասել՝ Լաշայի բացակայությունը որքանով էր մոտիվացնող, բայց ես լիովին պատրաստ էի ու արեցի այն, ինչ կարող էի: Հիմա փուլ առ փուլ գնում ենք դեպի Օլիմպիական խաղեր: Փարիզում հաղթանակի հասնելու համար պետք է քրտնաջան աշխատել ու մարզվել, ինչն էլ անում եմ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երկամարտի 10 մեդալով դարձել էր Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող: Հայ ծանրորդները նվաճել էին 4 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին նաև ամենաշատ մեդալները (պոկում ու հրում վարժությունները ներառյալ): 26 մեդալից 11-ը ոսկե է, 7-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե:
Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ), արծաթե մեդալի էին արժանացել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրել էր 7-րդ տեղը, Լիանա Գյուրջյանը (81 կգ) 4-րդն էր, Տաթև Հակոբյանը (87 կգ) 4-րդն էր, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) 5-րդն էր, իսկ Պետրոս Պետրոսյանը (109 կգ) պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ վնասվածք էր ստացել և չէր շարունակել պայքարը:
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։


