Համացանցում տեղեկություն է տարածվել, թե ինը երկրի, այդ թվում նաեւ Հայաստանին, արգելվելու է մասնակցել նոյեմբերին Անահայմում մեկնարկող ծանրամարտի աշխարհի առաջնությանը: Այս պատժամիջոցը կարող է կիրառվել այն երկրների հավաքականների նկատմամբ, որոնք 2008-ի և 2012-ի Օլիմպիական խաղերի ժամանակ դոպինգ թեստերին դրական պատասխան ստացած առնվազն երեք մասնակից են ունեցել:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին մեկնաբանեց այդ տեղեկությունը.
«Դա ընդամենն առաջարկ է, որը պետք է քննարկվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Բուխարեստում կայանալիք IWF գործադիր խորհրդի արտահերթ նիստում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական գրություն չի ստացել, սակայն մենք միջազգային ֆեդերացիային արդեն համապատասխան նամակ ենք պատրաստում»:
Հիշեցնենք, որ մեր հավաքականից որակազրկվել էին Հռիփսիմե Խուրշուդյանը, Տիգրան Մարտիրոսյանը և Նորայր Վարդանյանը:

