Հայ մարտիկ Արման Ծառուկյանը նորզելանդացի Դեն Հուկերին խեղդող հնարքով հաղթելուց հետո՝ ասուլիսի ժամանակ, անդրադարձել է կարևոր հարցերի:
- Եթե Իլյա Տոպուրիան որոշի բարձրանալ մինչև 77 կգ քաշային կարգ՝ Մախաչևի դեմ մենամարտելու համար, ո՞ւմ դեմ կցանկանայիք մենամարտել չեմպիոնական գոտու համար։ Կարո՞ղ եք նշել մեկ կամ երկու մարտիկի:
- Ամենայն հավանականությամբ, դա կա՛մ Գեյջին կլինի, կա՛մ Փիմբլեթը։ Օլիվեյրան բազմաթիվ հնարավորություններ է ունեցել, և մենք արդեն մենամարտել ենք։ Անիմաստ է կրկին մենամարտել:
- Մոտ 30 րոպե առաջ Միկտիբեկ Օրոլբայը այստեղ ասուլիս տվեց և ասաց, որ հրավիրում է Արման Ծառուկյանին Ղրղզստան։ Կընդունե՞ք հրավերը։
- Այո՛, իհարկե, կգնամ։
- Մենամարտից հետո Ձեր հայրն օկտագոնում ամենաերջանիկ մարդն էր։ Պատմեք, թե ինչ հասցրեց Ձեզ ասել մենամարտից հետո։
- Նա ասաց՝ «Ապրե՛ս»։ Նա անչափ ուրախ էր և հուզված։ Դե պատկերացրեք, ես նույնպես չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսին կլինի իմ վիճակը, երբ որդիս մենամարտի։ Դա շատ դժվար պետք է լինի։ Երբ դու այնտեղ ես, ոչնչից չես վախենում, քանի որ դու ես ամեն ինչի տիրապետում։ Բայց երբ քո ընկերը, որդին կամ ազգականը մենամարտում է, միշտ դժվար է, դու միշտ անհանգստանում ես։ Նա, հավանաբար, հիմա ուրախ է։
- Շաբաթվա ընթացքում մի տեսանյութ տարածվեց, որտեղ դու և Իլյա Տոպուրիան իրար կողքով անցնում եք վերելակի մոտ։ Դա ամենամոտն էր, որ դուք երբևէ կարող էիք հանդիպել։ Մարդիկ սկսեցին գրել, որ Իլյան դիտավորյալ շրջվել էր՝ Ձեզ չնկատելու համար։ Վերլուծե՞լ եք այդ հանդիպումը և թե ինչու չեք ողջունել միմյանց:
- Իլյան, հավանաբար, ինձ չի տեսել։ Եթե տեսներ, կարծում եմ՝ մենք կբարևեինք։ Անկեղծ ասած` ես նույնիսկ նրան չեմ տեսել։ Եթե տեսնեի, որ նա է, շուրջս կփնտրեի նրան։ Բայց մենք անձնական ոչ մի խնդիր չունենք։
Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի առաջին համարը Դոհայի մրցաշարի գլխավոր մենամարտի 2-րդ ռաունդի վերջնամասում խեղդող հնարքով հաղթել էր Հուկերին:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


