UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանի մարզիչ Մարկոս Դամատան խոսել է հայ մարտիկի առաջընթացի մասին:
«Արմանն արժանի է մենամարտել Օլիվեյրայի դեմ: Ծառուկյանը Դարիուշին նոկաուտի ենթարկելուց հետո վաստակել է այդ իրավունքը: Օլիվեյրան արժանի է տիտղոսի համար մենամարտ անցկացնելուն: Սպասում էի, որ Ծառուկյանը կմենամարտի Գեյջիի հետ, հաղթողն էլ կհավակնի տիտղոսին:
Իսլամ Մախաչևի դեմ առաջին մենամարտի ժամանակ Արմանն ընդամենը 22 տարեկան էր։ Այդ մենամարտից անցել է 5 տարի։ Տեսեք, թե ինչ մարտիկ է դարձել Ծառուկյանը, նա շատ բան է սովորել հարվածների և ջիու-ջիթսուի մասին: Մախաչևի դեմ հնարավոր ռևանշ մենամարտում Ծառուկյանը հաստատ ավելի լավ տեսք կունենա»,- Դամատայի խոսքը մեջբերում է MMA Fighting-ը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը թեթև քաշային կարգի գործող չեմպիոնին պարտվել էր 2019 թվականին, այդ մենամարտով հայ մարտիկը նորամուտն էր նշել UFC-ում:
Արման Ծառուկյանը (21-3-0) թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլ Օլիվեյրայի (34-9-0) դեմ մենամարտը կանցկացնի ապրիլի 14-ին, այն կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին և կցուցադրվի Fast TV hավելվածով:


