UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը դեմ չէ 8-րդ համար, բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթի դեմ մենամարտելուն, հաղորդում է Red Corner MMA-ը:
«Փեդին շատ լավ տեսք ուներ իր վերջին մենամարտում։ Հիմա մենք գիտենք, որ նա կարող է հաղթել լավագույն 10 մրցակիցներին։ Նա բարձրացել է 8-րդ տեղ, բայց մոտ ապագայում չի ծրագրում մենամարտել։ Նա կարծես ուզում է մենամարտել տարվա վերջում, իսկ ես ուզում եմ մենամարտել ամռանը։
Ի՞նչ անել, եթե ինձ խնդրեն մրցել նրա դեմ ամռանը... Ես կընդունեմ այդ առաջարկը։ Նա մեծ անուն ունի, հաղթել է Մայքլ Չենդլերին: Դրանից բացի, նա 6 կամ 7 հաղթական շարք ունի և երբեք չի պարտվել UFC-ում։ Լավ մենամարտ կլինի, և դա կօգնի ինձ մեծացնել իմ երկրպագուների քանակը Մեծ Բրիտանիայում»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը, որը մեկ տարուց ավելի օկտագոն դուրս չի եկել:
Արման Ծառուկյանը մայիսի 31-ին գրեփլինգի ևս մեկ գոտեմարտ կանցկացնի: Հայ մարտիկը Մոսկվայում կայանալիք ADXC-10 մրցաշարի շրջանակում կգոտեմարտի Bellator-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեի դեմ:
Ծառուկյանը մայիսի 2-ին Դուբայում գրեփլինգի գոտեմարտ էր անցկացրել դաղստանցի Մագոմեդ Զայնուկովի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: