Թենիսի մարզիչ Տոնի Նադալը կարծում է, որ իր եղբորորդի, աշխարհի 6-րդ ռակետ Ռաֆայել Նադալը կարող է հաղթել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում»:
«Երբեք չգիտես, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ճիշտ է՝ Ռաֆայելը շատ հյուծված մարմին ունի։ Բայց դա նորմալ է, քանի որ նա մրցաշարերի է մասնակցում 16 տարեկանից, ու ամեն ինչի համար պետք է վճարել։
Նման ծանրաբեռնվածությամբ մարմինը ինչ-որ պահի կարող է ձախողվել: Բայց ես հավատում եմ, որ այս տարի նա կկարողանա հաղթել «Ռոլան Գարոսում», իսկ հետո կտեսնենք»,- իսպանացու խոսքը մեջբերում է puntodebreak.com-ը:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողն ապաքինվում է Ավստրալիայի բաց առաջնությունում ստացած վնասվածքից: Իսպանացի 36-ամյա թենիսիստը վնասվածք էր ստացել «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի երկրորդ շրջանի մրցախաղում, որում սենսացիոն պարտություն էր կրել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի բաց առաջնությունը կանցկացվի մայիսի 28-ից հունիսի 11-ը:


