Լոնդոնի «Տոտենհեմի» ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը կենթարկվի ծնկի վիրահատության և այլևս չի խաղա ընթացիկ մրցաշրջանում, հաղորդում է մամուլի ծառայությունը։
«Մենք կարող ենք հաստատել, որ Ռոդրիգո Բենտանկուրը ստացել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք և չի օգնի թիմին ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածում: Մինչև մեր բուժանձնակազմի հետ վերականգնողական աշխատանքները սկսելը, նա կվիրահատվի: Բոլորս քեզ հետ ենք, Ռոդրիգո»,- գրված է անգլիական ակումբի հաղորդագրությունում:
25-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվել էր «Լեսթերի» դեմ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի արտագնա հանդիպման (1-4) 65-րդ րոպեին: Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստն այդ խաղում խփել էր «Տոտենհեմի» միակ գոլը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բենտանկուրը «Տոտենհեմի» կազմում անցկացրած 26 խաղում խփել է 6 գոլ և կատարել երկու արդյունավետ փոխանցում:


