Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն խոսել է թիմի հարձակվող Հարի Քեյնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Անգլիացի խաղացողը մի քանի անգամ չէր ներկայացել թիմի մարզումներին՝ ակումբից հեռանալու շշուկների ֆոնին։
«Հարին մեզ հետ է։ Նա պետք է կարանտին անցնի։ Նա հիմա տանն է, բայց մարզվում է։ Նա մեզ հետ է, ու ամեն ինչ լավ է»,-պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի Twitter-ի էջը։
Ավելի վաղ Հարի Քեյնը հայտարարություն էր տարածել ակումբի մարզումներին չմիանալու վերաբերյալ։
Քեյնը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Տոտենհեմից»։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», ում գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան օրերս խոսել էր անգլիացու հավանական տրանսֆերի մասին։

