Logo

«Տոտենհեմն» ու Անտոնիո Կոնտեն խզել են պայմանագիրը

03:07 / 27.03.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Տոտենհեմ-Անտոնիո Կոնտե

Լոնդոնի «Տոտենհեմն» ու թիմի իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Կոնտեի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում մենք նվաճեցինք Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Շնորհակալություն ենք հայտնում Անտոնիոյին ու հաջողություն մաղթում նրան հետագա կարիերայում»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Քրիստիան Ստելինին կլինի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, իսկ Ռայան Մեյսոնը կօգնի նրան: 

«Մեզ տասը խաղ է մնացել Պրեմիեր լիգայում, ու մենք պայքարում ենք Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Բոլորս պետք է համախմբվենք: Բոլորը պետք է իրենց քայլն անեն՝ հանուն այս ակումբի հավատարիմ երկրպագուների ու հնարավոր առավելագույն արդյունքի»,- ասել է «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին՝ «Սաութհեմփթոնի» հետ ոչ-ոքիից (3-3) հետո, Անտոնիո Կոնտեն ասել էր. «Կարծում եմ՝ ավելի լավ է խոսել խնդրից. մենք թիմ չենք: Մենք ուղղակի 11 ֆուտբոլիստներ ենք, որոնք միասին խաղադաշտ են դուրս գալիս: Ես տեսնում եմ եսասեր խաղացողների, խաղացողների, որոնք չեն ուզում օգնել միմյանց ու ամբողջությամբ նվիրվել: Այս առումով ընթացիկ մրցաշրջանում մենք ավելի վատն ենք, քան նախորդում: Երբ թիմ չես, կատարելագործվելը հնարավոր չէ»:

Ավելի ուշ իտալացի մասնագետն ավելացրել է. «Այսպես հեշտ է (նկատի ունի առանց ճնշման ու կարևորության խաղալը-խմբ.): «Տոտենհեմի» պատմությունն այն է, որ 20 տարի է՝ սեփականատեր ունի ու տիտղոս չի նվաճել, բայց ինչո՞ւ: Մեղավորը միայն ակումբն է ու յուրաքանչյուր մարզիչ, որ մնացել է այստեղ»:

53-ամյա Անտոնիո Կոնտեն «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի նոյեմբերին: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրեց 76 խաղ, տարավ 41 հաղթանակ, կրեց 23 պարտություն, 12 հանդիպում ավարտեց ոչ-ոքի: ԱՊԼ-ի ակումբներից Կոնտեն մարզել է նաև Լոնդոնի «Չելսին», որտեղ աշխատել է 2016-2018 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ