Հունգարիայի հավաքականի դարպասապահ Բալաժ Տոթը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա խաղի մասին, հաղորդում է nemzetisport.hu-ն:
«Պետք չէ թերագնահատել Հայաստանի հավաքականին. նրանք այնքան թույլ չեն, որքան շատերը կարծում են: Այն փաստը, որ նրանք հաղթել են իռլանդացիներին, պետք է մեզ համար զգուշացում լինի: Պետք է հայերի դեմ տրամադրվենք այնպես, ինչպես Պորտուգալիայի:
Մեր գլխավոր մարզիչը ճիշտ է: Եթե երազում ենք աշխարհի առաջնության մասին, պետք է անպայման տանը հաղթենք Հայաստանին: Չեմ կարծում, թե այդ պարտավորությունը կճնշի մեզ: Մենք հարգանքով ենք վերաբերվում մրցակցին, բայց ցույց ենք տվել, որ տանը կարող ենք մրցակցել աշխարհի բոլոր թիմերի հետ»:
Հայաստանի հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում կհանդիպի Հունգարիայի թիմին, իսկ չորրորդ տուրում հոկտեմբերի 14-ին Դուբլինում հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի հավաքականի դեմ։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


