Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզահամաալիրում ավարտված UFC 309-ի գլխավոր մենամարտում ամերիկացի Ջոն Ջոնսը նոկաուտով հաղթանակ տարավ և պաշտպանեց ծանր քաշային կարգի չեմպիոնությունը:
37-ամյա մարտիկն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Սթայփ Միոչիչի դեմ մենամարտի ելքը վճռեց երրորդ ռաունդում: Սա Ջոնսի 28-րդ հաղթանակն է օկտագոնում, ունի մեկ պարտություն: 42-ամյա Միոչիչի 5-րդ պարտությունն է, ունի 20 հաղթանակ:
Ի դեպ, Սթայփ Միոչիչը մենամարտից հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին:
Երեկոյի ընթացքում հետաքրքիր մենամարտ կայացավ նաև թեթև քաշային կարգում: Նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրան մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ամերիկացի 38-ամյա մարտիկ Մայքլ Չենդլերին: Օլիվեյրան նախորդ մենամարտն անցկացրել էր ապրիլի 14-ին և պարտվել թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանին:
35-ամյա Օլիվեյրան օկտագոնում ունի 35 հաղթանակ և 10 պարտություն: Չենդլերը 23 հաղթանակ է տարել, պարտվել 9 մենամարտում: