Ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը Լաս Վեգասում կայացած UFC-282 մրցաշարում տեխնիկական նոկաուտով հաղթել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Դալչա Լունգիամբուլային ու տարել 12-րդ հաղթանակը MMA-ում (խառը մենամարտեր):
Մենամարտն ավարտվել է երկրորդ ռաունդում։ 25-ամյա Շահբազյանի հարվածաշարից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը:
Էդմեն Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի նոյեմբերին՝ պարտվելով Ֆրանսիան ներկայացնող Նասուրդին Իմավովին։ MMA-ում նա անցկացրել է 15 մենամարտ, տարել 12 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Շահբազյանը պարտվել էր նախորդ 3 մենամարտերում։
35-ամյա Դալչա Լունգիամբուլան MMA-ում մենամարտել է 17 անգամ (11 հաղթանակ, 6 պարտություն):



