UFC-ի լեգենդար մրցավար Ջոն Մաքարտին խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի և չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևի միջև կայանալիք մենամարտի մասին:
«Ավելի լավ մենամարտ դժվար է պատկերացնել: Իսլամն ապացուցել է, որ աներևակայելի չեմպիոն է: Եթե հաշվի առնենք ոճը, ապա Մախաչևին կարող է դիմակայել միայն Ծառուկյանը: Արմանն ըմբշամարտում կարող է հաղթել Մախաչևին: Կանգնած դիրքում նա նույնպես աճ է գրանցել, ավելի խելացի է դարձել: Այո՛, Իսլամն առաջին մենամարտում հաղթել է, բայց դա վաղուց էր, իսկ այս անգամ Ծառուկյանն այլ բան է խոստացել»,- հանրահայտ մասնագետի խոսքը մեջբերում է Weighing In-ը:
Հիշեցնենք, որ Ծառուկյանն ու Մախաչևը ևս մեկ մենամարտ անցկացնելու են հունվարի 18-ին Լոս Անջելեսում։ Այն լինելու է UFC-311 մրցաշարի գլխավոր քարտը։