UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ այլևս հետաքրքրված չէ ծանր քաշային կարգում նախկին չեմպիոն, կամերունցի Ֆրենսիս Նգանուի և գործող չեմպիոն, ամերիկացի Ջոն Ջոնսի միջև մենամարտի կազմակերպմամբ:
«Այդ մենամարտն ինձ այլևս հետաքրքիր չէ: Երկու տարի փորձել եմ կազմակերպել, սակայն Նգանուն չէր ցանկանում մենամարտել: Նա հեռացավ UFC-ից՝ չունենալով նույնիսկ պայմանավորվածություն այլ կազմակերպության հետ: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ եթե այդ մենամարտը կայանար, կանցներ նույն սցենարով, ինչ Ջոնսի և Գանի մենամարտն էր»,- Դանա Ուայթի խոսքը մեջբերում է UFC-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ջոն Ջոնսը, որը երեք տարվա դադարից հետո փոխել էր քաշային կարգը, առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել ֆրանսիացի Սիրիլ Գանին ու նվաճել չեմպիոնի տիտղոսը, գլխավորում է UFC-ի՝ անկախ քաշային կարգից 10 լավագույն մարտիկների ցանկը:


