Երևանի «Ուրարտուն» Սերբիայում ընթացող հավաքի նախավերջին ստուգողական խաղում 1։2 հաշվով պարտվել է տեղի «Զլատիբորին»։ Երևանյան ակումբի միակ գոլը 90-րդ րոպեին խփել է Համլետ Սարգսյանը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սա «Ուրարտուի» չորրորդ ստուգողական հանդիպումն էր հավաքի շրջանակներում։ Մինչև այդ Դմիտրի Գունկոյի թիմը ոչ-ոքի էր խաղացել չեռնոգորական «Պետրովացի» (1։1) և «Մոռնար-2»-ի (2։2) հետ ու հաղթել նույն երկրի բարձրագույն խմբի առաջնությունում խաղացող «Եդինստվոյին» (2։1)։
Սերբիայի առաջին խմբի (երկրի երկրորդ ֆուտբոլային դիվիզիոն) առաջնության ներկայացուցիչ «Զլատիբորը» 2021/22 թվականների մրցաշրջանում 16 թիմերի պայքարում գրավել էր 12-րդ տեղը։ «Ուրարտուն» 5-րդ տեղում է ավարտել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 թվականների առաջնությունը։
Հուլիսի 15-ին՝ ժամը 18։00-ին, «Ուրարտուն» կանցկացնի ստուգողական ևս մեկ հանդիպում՝ մրցելով սերբական «Ռադի» հետ։ Այդ հանդիպմանը թիմը ներկայանալու է հետևյալ կազմով. Արսեն Բեգլարյան, Նանա Անտվի, փորձարկվող ֆուտբոլիստ, Արման Ղազարյան, Ժիրայր Մարգարյան (ա), Ուգոչուկվու Իվու, Օլեգ Պոլյակով, Սերգեյ Մկրտչյան, Լեոն Սաբուա, Նարեկ Գրիգորյան, Մաքսիմ Մայրովիչ:
Պահեստայիններն են՝ Հայկ Ղազարյանը, Էրիկ Փիլոյանը, Դմիտրո Խլյոբասը և փորձարկվող ֆուտբոլիստներից մեկը։


