Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում կայացան 1/16 եզրափակիչի վերջին հանդիպումները: Աշխարհի առաջին ռակետ և մրցաշարի գործող հաղթող Կառլոս Ալկարասն առավելության հասավ Դենիել Էվանսի նկատմամբ: Բրիտանացուն հաջողվեց մեկ սեթ հաղթել, բայց մյուս երեքում ավելի ուժեղ էր իսպանացին՝ 6:2, 6:3, 4:6, 6:3: 20-ամյա Ալկարասի հաջորդ մրցակիցն իտալացի Մատեո Արնալդին է:
Խաղային օրվա երկու գլխավոր հակամարտությունները Յանիկ Սիներ – Ստեն Վավրինկա և Ալեսանդր Զվերև – Գրիգոր Դիմիտրով զույգերի միջև էր:
Երիտասարդ իտալացին 6:3, 2:6, 6:4, 6:2 հաշվով ուժեղ գտնվեց շվեյցարացի վետերանից: Սիները 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց Վավրինկային, իսկ մինչև այդ 2 պարտություն էր կրել:
Դիմիտրովի դեմ խաղերում հաղթարշավը շարունակում է Զվերևը: Այս մրցավեճի սկզբում հավասար պայքար էր և 2 թայ-բրեյք խաղարկվեց, բայց հետո Գերմանիան ներկայացնող թենիսիստն անկասելի էր: Գրանցվեց 6:7, 7:6, 6:1, 6:1 հաշիվը: Ալեքսանդրը 6-րդ անգամ անընդմեջ հաղթեց Դիմիտրովին:
Զվերևը և Սիները հանդիպելու են 1/8 եզրափակիչում:


