Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական ալիքը ներկայացրել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի առաջին մրցումային օրվա լավագույն հնարքները։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) ավարտել են պայքարը՝ չնվաճելով օլիմպիական ուղեգիր: Հունահռոմեական ոճի ըմբիշներ, Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը (77 կգ) և Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը (97 կգ) նվաճել են Փարիզ-2024-ի ուղեգիր:
Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն ու բրոնզե մեդալակիրների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: Սա ըմբիշների համար վերջին հնարավորությունն է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։ 93 երկրի ներկայացուցիչներ կպայքարեն օլիմպիական 54 ուղեգրի համար:
Մայիսի 11-12-ին մրցագորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր են նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականններից բացի Ամոյանից և Ալեքսանյանից, ուղեգիր ունի նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ): Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: