Հայաստանի հավաքականի և «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Šport-ի հետ զրույցում խոսել է տարբեր թեմաների մասին:
Ընթացիկ մրցաշրջանում իր ելույթի մասին
«Ինձ համար միշտ առաջնային է թիմային աշխատանքը: Այն, ինչ ես անում եմ խոտածածկին, անում եմ հանուն թիմի: Միայն դրանից հետո եմ ուշադրություն դարձնում իմ ձեռքբերումներին: Ես միշտ խաղադաշտ եմ դուրս գալիս՝ իմ ամբողջ ուժերն այնտեղ թողնելու համար: Դա դրական արդյունք է բերում, երբեմն էլ՝ ոչ:
«Ժիլինայում» ես լավ մեկնարկեցի, բայց հետո երկու վնասվածք ստացա, որոնք հոգեբանական առումով շատ ծանր էին: Դրանք իմ մարզական կարիերայի առաջին վնասվածքներն էին: Սկզբում ծնկի վնասվածք ունեի, իսկ հետո՝ կոճս վնասեցի ու երկար ժամանակ չխաղացի: Եղավ պահ, որ մտավախություն կար անգամ, որ այլևս չեմ խաղալու, բայց ես ինձ ասացի, որ իմ ֆուտբոլային ճանապարհորդությունը դեռ չի ավարտվել:
Ես շատ եմ աղոթել, ու դա օգնել է ինձ: Այսօր ես առողջ եմ ու ցանկանում եմ փոխհատուցել «Ժիլինային», որն ինձ շատ բան է տվել: Ես գոհ եմ այս մրցաշրջանից, բայց գիտեմ, որ դա իմ հնարավորությունների գագաթնակետը չէ»:
Հայաստանի հավաքականի՝ ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում ֆանտաստիկ մեկնարկի մասին
«Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, ժողովուրդը տխուր է, բայց այդ հանդիպումներին ուղղակի ֆանտաստիկ մթնոլորտ էր: Մենք կարողացանք գոնե ինչ-որ չափով մեր ժողովրդին ուրախություն պարգևել: Միգուցե մեր շնորհիվ մարդիկ սկսեցին նորից ժպտալ, կյանքը վերադարձավ իր բնականոն հունին: Այդ հանդիպումներում մեզ շատ օգնեց այն, որ մի քանի հազար երկրպագու հնարավորություն ունեցավ ստադիոնից հետևելու խաղին»:
Ռումինիայի հավաքականի դեմ խաղի մասին
«Մենք հաղթում էինք 1-0 հաշվով, հետո 1-2 հաշվով պարտվում էինք, բայց կարողացանք առավելության հասնել 3-2 հաշվով: Ուրախ եմ, որ կարողացա իմ աչքերով դա տեսնել, քանի որ այն պատմական պահ էր մեր երկրի համար: Մենք շատ տխուր պահեր ենք ապրել մեր պատմության ընթացքում, այնպես որ մեր երկիրն արժանի է այնպիսի դրական պահերի, որոնց ընթացքում կարող է լիաթոք ուրախանալ»:
Արցախյան պատերազմի և իր գոլը զինվորներին նվիրելու մասին
«Պատերազմի սկիզբն էր: Կարելի է ասել՝ ամենաբարդ պահն էր: Ես անընդհատ մտածում էի ընկերներիս ու հարազատներիս մասին, որոնց կյանքին վտանգ էր սպառնում: Ես անընդհատ նորությունների էի սպասում, այնպիսի վիճակ էր, որ երեք օր չէի կարողանում քնել:
Հենց այդ ժամանակ էր, որ ես մտածեցի մարզաշապիկ պատրաստելու մասին, որով ինչ-որ կերպ կարող էի օգնել հայրենիքիս, թեկուզ հեռավորության վրա: Ես հավատացած ու համոզված էի, որ այդպես էլ լինելու էր: Գոլից հետո հանգստացա, քանի որ կարողացա ինչ-որ լավ բան անել երկրիս համար: Հայաստանն ինձ համար մեծ նշանակություն ունի, ու ես միշտ պատրաստ եմ օգնելու նրան»:
Հենրիխ Մխիթարյանի մասին
«Մխիթարյանը հայկական ֆուտբոլի լեգենդ է: Երբ առաջին անգամ իմացա, որ հրավեր եմ ստացել Հայաստանի հավաքականից, անհամբերությամբ էի սպասում նրա հետ մարզվելու պահին: Ինձ և մյուս երիտասարդ ֆուտբոլիստների համար Հենրիխն ամենամեծ օրինակն է:
Պարզապես տեսեք, թե նա ինչերի է հասել իր մարզական կարիերայում: Նա հասավ մինչև «Մանչեսթեր Յունայթեդ»: Մենք շփվում ենք միմյանց հետո: Նրա համար նշանակություն չունի այն, որ նա «Ռոմայի» ֆուտբոլիստ է, իսկ ես՝ «Ժիլինայի»: Նա հաճելի ու օգտակար անձնավորություն է, որ միշտ պատրաստ է օգնել դիմացինին»:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
