Հայաստանի ազգային հավաքականի ու «Ժիլինայի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը մարզական կարիերան կշարունակի Լեհաստանում:
22-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Շչեցինի «Պոգոնի» հետ՝ հաղորդում է լեհական ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերի պայմանագիրը նախատեսված է 3,5 տարվա համար:
«Պոգոնը» հանդես է գալիս Լեհաստանի բարձրագույն դիվիզիոնում: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղից հետո Բիչախչյանի նոր թիմը վաստակած 37 միավորով երկրորդ հորիզոնականում է և 4 միավոր է զիջում առաջատար «Լեխին»:
«Վահանին ձեռք բերելու համար երկար աշխատանք ենք տարել: Մի քանի անգամ դիտել ենք նրա մասնակցությամբ խաղերն ուղիղ հեռարձակմամբ: Հետաքրքրված էինք նրա ծառայություններով նաև այն ժամանակ, երբ դեռ նոր պայմանագիր չէր կնքել «Ժիլինայի» հետ: Ես շատ ուրախ եմ, որ մենք հաջողեցինք, ու գործարքը փակված է:
Վահանը ֆուտբոլային շատ մեծ որակներ ունի: Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, որ Վահանն իր հմտությունները ցուցադրի առաջնության գարնանային հատվածում: Նա անշուշտ ունի անհրաժեշտ որակները՝ անմիջապես մրցակցություն ապահովելու ու «Պոգոնի» կարևոր օղակ դառնալու համար»,- ասել է ակումբի մարզական տնօրեն Դարիուշ Ադամչուկը:
Վահան Բիչախչյանն այսօր կմիանա թիմի մարզումներին: Նոր ակումբում հայ կիսապաշտպանը կխաղա «22» համարի մարզազգեստով: