Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ալաշկերտի» նորանշանակ գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարի ընթացքում խոսել երևանյան թիմը գլխավորելու, ծրագրերի ու մի շարք հարցերի մասին:
- Ինչպե՞ս ստացվեց, որ գլխավորեցիք «Ալաշկերտը»:
- Բանակցությունները բավականին երկար տևեցին: Գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո հանդիպում ունեցանք պարոն Նավոյանի հետ և քննարկեցինք, թե ինչպես կարող ենք համագործակցել: Բավականին սկզբունքային հարցերի շուրջ գալով համաձայնության՝ որոշեցինք կնքել պայմանագիր:
- Ի՞նչ է ենթադրում այդ սկզբունքային համաձայնությունը:
- Կատարել ենք աշխատանքի բաժանում՝ սկսած սելեկցիոն աշխատանքից, վերջացրած մնացած մարզական հարցերով: Որոշումները կայացնում է գլխավոր մարզիչը, ունենք նաև մարզական տնօրեն, որը կատարում է սելեկցիոն աշխատանք, սակայն վերջնական որոշումը մարզիչինն է ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու կամ խաղացողին բաց թողնելու հարցում:
- Ո՞ր դեպքում կհամարեք, որ աշխատանքը հաջողել եք:
- Նախ պետք է ամենաքիչը հայտնվել եվրագավաթներում, հնարավորինս առաջ գնալ միջազգային ասպարեզում և ստեղծել մարտունակ թիմ՝ հաջորդ մրցաշրջանում պայքարելու չեմպիոնության համար: Այնուամենայնիվ, այս մրցաշրջանում ևս, չեմ համարում, որ մեր պայքարն ավարտված է չեմպիոնության համար:
- Ի՞նչ ֆուտբոլ է խաղալու «Ալաշկերտը» Ձեր գլխավորությամբ:
- Մենք 11 միավոր հետ ենք մնում «Ուրարտուից», 9 միավոր՝ «Արարատ-Արմենիայից», «Փյունիկի» հետ հավասար միավորներ ունենք: Այսինքն մենք միավորների կարիք ունենք:
«Ալաշկերտը» միշտ թոփ թիմ է համարվել, մենք խաղալու ենք դոմինանտ ֆուտբոլ: Մեր դեմ շատ թիմեր փակվելու են, դա պարզ է, մենք պետք է ճկուն լինենք, կարողանանք ակտիվ գրոհել: Կարողանանք ճիշտ խլել գնդակը, բայց չի բացառվում, որ կլինեն խաղեր, որտեղ մենք կխաղանք երկրորդ համարով:
Հիշեցնենք, որ 35-ամյա մասնագետը դեկտեմբերին էր գլխավորել «Ալաշկերտը»։ Այս ձմռանը Բելեկում կայացած հավաքի ընթացքում Հայաստանի քառակի չեմպիոնն անցկացրել էր 6 ստուգողական հանդիպում, հաղթել ուզբեկական «Ֆերգանա Նեֆթչիին» (1-0), Լուգանսկի «Զարյային» (2-0), ղազախական «Կիզիլ-Ժարին» (2-0), ոչ-ոքի խաղացել ուզբեկական «Բուխարայի» հետ (1-1) ու պարտվել ռուսական «Ենիսեյին» (0-1) և լեհական «Պոդբեսկիձիեին» (1-2)։
Վահե Գևորգյանի նախորդ աշխատավայրը եղել է Վայքի «Նորավանքը», որը նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ դարձել էր Հայաստանի գավաթակիր։ Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է «Փյունիկի» և «Ուրարտուի» համակարգում, Երևանի «Լոկոմոտիվում», Վանաձորի «Լոռիում» և ռուսական «Վիստայում»:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում «Ալաշկերտը» 20 խաղից 34 միավորով չորրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև երրորդ տեղում գտնվող «Փյունիկը», որն անցկացրել է 19 հանդիպում։ Առաջատար «Ուրարտուն» (20 խաղ) ունի 47 միավոր, իսկ «Արարատ-Արմենիան»՝ 43։


