Վերսալում դատական նիստ է ընթանում կիսապաշտպան Մատյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով: Որպես մեղադրյալ ներգրավված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բենզեման «մասնագիտական պատճառներով» չի ներկայացել դատական նիստին:
Վալբուենան մեկնաբանել է գործի ընթացքն ու անդրադարձել է Բենզեմայի բացակայությանը:
«Այս գործն ընթացքի մեջ է արդեն վեց տարի: Գրեթե բոլորը ներկայացել են դատարան, միայն Կարիմը՝ ոչ: Ցավալի է, բայց ինչ արած:
Մենք վեց տարի սպասել ենք ու այստեղ կմնանք այնքան, որքան պահանջվի»,- RMC Sport-ը մեջբերում է Վալբուենայի խոսքը:
Հավելենք՝ եթե «սերուցքայինների» հարձակվողի մեղավորությունն ապացուցվի, ապա Բենզեման կարող է մինչև 5 տարով ազատազրկվել ու 75 հազար եվրո տուգանք վճարել։ Իրավապահ մարմինները կասկածներ ունեն, թե Բենզեման 2015 թվականին որպես միջնորդ է գործել ու Վալբուենային համոզել է գումար վճարել շանտաժիստներին, որ նրանք չհրապարակեն Մատյոյի մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսաձայնագրություն։