Վալերի Յակովլևիչ Բրյուսովը համարվում է ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը, ռուս մեծանուն բանաստեղծը և դրամատուրգը իր ուրույն հետքն է թողել գրականության պատմության մեջ:
10 հետաքրքիր փաստ Բրյուսովի կյանքից, որ արժե իմանալ

1. Բրյուսովը ծնվել է 1873 թվականի դեկտեմբերի 1-ին Ռուսական կայսրության Մոսկվա քաղաքում: Բոլոր ավանդույթներին հակառակ ապագա գրողի ծնողները նրան «բարուր» չեն արել, կերակրել են հստակ սննդակարգով ու ռեժիմով, արգելել են դայակներին հեքիաթներ պատմել փոքրիկ Վալերիին: Այդ ժամանակների համար անսովոր դաստիարակման մեթոդների պատճառով ոչ մի դայակ չի կարողացել երկար աշխատել Բրյուսովների տանը:
2.Պատանի հասակից Բրյուսովը պլանավորում էր հեղափոխել ռուս գրականությունը: Մինչդեռ այլ գրողները խնդրում էին ընթերցողին և քննադատներին իրենց առաջին գործերը շատ խիստ չդատել, Բրյուսովն ի սկզբանե վստահ էր, որ իր առաջին ստեղծագործությունները «գլուխգործոցներ» են. քննադատները չկարողացան ներել գրողի այդչափ ինքնավստահությունը:
3.Իր առաջին գործերը հրապարակելուց հետո Բրյուսովը սուր քննադատության է ենթարկվում: Լրագրերը նրան անվանում էին «հիվանդ ծաղրածու»: Վլադիմիր Սոլովյովը պնդում էր, որ Բրյուսովի գրականության փոխաբերությունները վկայում են նրա մտքի անառողջ վիճակի մասին:
4.Բրյուսովն ամուսնանում է իրենց տան աշխատակիցներից մեկի՝ Իոլանտա Ռունտի հետ: Նրանց հարսանիքը զուրկ էր ամեն տեսակ բուրժուական ճոխություններից. նորապսակները հրաժարվել էին հարսանեկան ճոխ սեղանից և անգամ հարսի ճերմակ զգեստից: Արդյունքը՝ երկար և ամուր միություն մինչև մահ:

5.Մի անգամ Բրյուսովին մոտենում է ընթերցողներից մեկն ու հարցնում, թե ինչ է նշանակում «вопинсоманий» բառը, Բրյուսովը հետաքրքրվում է, թե ինչու պիտի տա այդ բառի բացատրությունը: Պարզվում է նրա գործերից մեկում հենց այդպես էին տպել «воспоминаний» բառը: Բրյուսովը հիասթափված էր. որքան էլ նա իրեն նորարար էր համարում, չէր կարծում թե ընթերցողի մտքով կանցնի, որ ինքը կարող է նման անբարեհունչ բառ հորինել:
6.1900-ականներին Բրյուսովը սիրավեպ է ունենում Նինա Պետրովսկայայի հետ: Հարաբերությունները կտրուկ են զարգանում և արդյունքում վերածվում անդադար վիճաբանությունների: Բանը հասնում է նրան, որ Նինան ատրճանակով նշան է բռնում ուղիղ Բրյուսովի ճակատին, գրողին հաջողվում է հրել աղջկա ձեռքն ու փամփուշտը կպչում է առաստաղին:

7. Վերոնշյալ դեպքից ժամանակ անց հենց Նինան է ծանոթացնում գրողին մորֆինի հետ: Արդեն 1909 թվականին Փարիզում գրող և բժիշկ Ջորջ Դյուամելը զարմանում է, երբ ռուս հյուրը նրան խնդրում է իրեն մորֆին նշանակել: Բրյուսովն այդ կախվածությունն այդպես էլ չաղթահարեց:
8.Գրողի հաջորդ սիրելին Նադեժդա Լվովան էր, Բրյուսովի խոսքերով նրանք ընդամենը ֆլիրտ էին անում, բայց աղջիկն արդեն պահանջում էր, որ նա բաժանվի կնոջից և ամուսնանա իր հետ: Այս պատմությունն ավարտվում է Նադեժդայի ինքնասպանությամբ:
9.Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Բրյուսովը մեկնում էր առաջնագիծ, որպես լրագրող, սակայն ծանր պայմանները, խիստ ռեժիմն ու թույլ առողջությունը գրողին թույլ չեն տալիս շարունակել այդ գործունեությունը:

10.1910-ական թվականներին Բրյուսովը հետաքրքրվել է հայ պոեզիայով, թարգմանել հայերենից, կազմել «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն, ինչի համար 1923 թվականին արժանացել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման։ Աջակցել է Մեծ Եղեռնից տուժածներին։

