«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն X-ի իր էջում հայտարարություն է տարածել, որի միջոցով հերքել է իր ու թիմի գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի միջև լարվածության վերաբերյալ խոսակցությունները:
«Մի քանի հոդված կարդացի, որոնք շատ ցավեցրին ինձ: Գիտեմ, որ մի քանի անհաջող խաղ եմ անցկացրել: Չեմ թաքնվում ու միշտ պատրաստ եմ քննադատություններ ընդունելուն:
Իմ մասին շատ բան կարող են խոսել, բայց ոչ ոք իրավունք չունի ասելու, թե ես հրաժարվել եմ խաղալուց: Ես մինչև վերջ նվիրվել եմ այս ակումբին, խաղացել եմ վնասվածքով, ցավերով ու երբեք չեմ խնդրել, որ ինձ հանգստի հնարավորություն տան:
Շատ լավ հարաբերություններ ունեմ մարզչի հետ: Նա ինձ միշտ վստահություն է փոխանցում, ես էլ նրան եմ միշտ հայտնել իմ՝ տարբեր դիրքերում խաղալու պատրաստականությունը: Հոգի եմ դրել այս ակումբում ու կշարունակեմ նույն կերպ, իմ պատվով եմ երդվում՝ երբեք չեմ հանձնվելու և պայքարելու եմ մինչև վերջ», - գրել է Վալվերդեն:


