Վամպիրները աշխարհին հայտնի են արևելա-եվրոպական առասպելաբանությունից որպես մեռյալներ, որոնք գիշերները դուրս են գալիս իրենց գերեզմաններից և չղջիկի կերպարանք առնելով՝ խմում են քնած մարդկանց արյունը և մղձավանջներ ուղարկում նրանց:
Վամպիրները թեպետ անմահ արարածներ են համարվում, բայց կարող են մահանալ արևային լույսից, արծաթի, սուրբ ջրի և սխտորի ներգործությունից, ինչպես նաև խաչից ու փայտե ցցից:
Սակայն կինոաշխարհում վամպիրներին ներկայացնում են մի փոքր այլ տեսքով՝ դարձնելով նրանց առավել սարսափելի և տպավորիչ, այդ իսկ պատճառով շատ հաճախ նրանց հաղորդում են գծեր որոնք ի սկզբանե «վամպիրային» չեն եղել:
Մթնշաղ/Сумерки/Twilight 2008

Նման օրինակներից է «Մթնշաղ» ֆիլմաշարը, այնտեղ վամպիրների կերպարները բավականին տարբերվում են «դասական» վամպիրներից: Նրանք արևային լույսից չեն մահանում, այլ պարզապես փայլում են: Արծաթը, սուրբ ջուրը, խաչը և սխտորը նրանց չեն վնասում: Նրանք երևում են հայելու և լուսանկարների մեջ, ինչպես նաև վամպիր դառնալուց նրանք անչափ գեղեցկանում են:
Հենց այդ պատճառով «Մթնշաղի» բոլոր արնախումները անչափ գեղեցիկ են, ինչը շատ լուրջ դեր է խաղում դեռահաս աղջիկների՝ ֆիլմի հանդեպ անսահման հետաքրքրությամբ լցվելու գործում: Իսկ վամպիրների՝ միայն մեկ անգամ սիրահարվելու ունակությունը, որը նույնպես միայն «Մթնշաղի» արնալեզների մոտ է, իդեալական դրամատիզմ է հաղորդում այդ ֆիլմաշարին, որին շատ հաճախ սագա են անվանում:
«Մթնշաղ» ֆիլմաշարի հիմքում ընկած է վամպիր Կալենի և 17-ամյա Բելա Սվոնի սիրո պատմությունը՝ պրիմիտիվ և բավական նաիվ:
Նման ֆիլմերը պարունակում են պատանեկան կիրք և դպրոցական սենտիմենտալություն, ինչը բնականաբար չի կարող բավարարել հասուն կինոդիտողին:
Վամպիրի օրագրերը/Дневники вампира/The Vampire Diaries 2009
«Մթնշաղի» կարգի վամպիրական ֆիլմերի շարքին կարելի է դասել՝ «Վամպիրի օրագիրը» հեռուստասերիալը, որի թիրախային խումբը նույնպես դեռահասներն են: Այս սերիալը նկարված է Լիզա Ջեյն Սմիթի գրքաշարի հիման վրա, ֆիլմում պատմվում է 17-ամյա Ելենա Գիլբերտի մասին, որը սիրահարվում է 162-ամյա վամպիր Ստեֆան Սալվատորեին, նրանց հարաբերությունները անչափ բարդանում են, երբ Ստեֆանի եղբայր Դեյմոնը, որի հետ նրանք թշնամիներ են, նույնպես սիրահարվում է Ելենային:
Սերիալը ցուցադրվել է 2009 թվականից մինչ 2017 թվականի մարտի 10-ը, բնականաբար նման երկարակեցությունը պայմանավորված է սերիալի պահանջվածությամբ, սակայն դասել այն լավագույնների շարքին չի կարելի: Քանզի «Մթնշաղի» առաջին մասից հետո, փորձը ցույց տվեց, որ մարդու և վամպիրի սիրային պատմության նման մատուցումը այդքան էլ լուրջ չէ, այդ իսկ պատճառով նման կոնցեպտ ունեցող մի ամբողջ սերիալի դիտումը կարելի է համարել դատարկ ծախսված ժամանակ:
Դրակուլա/Дракула/Dracula 1992

Բնականաբար եթե խոսում ենք վամպիրների մասին պատմող ֆիլմերից, չի կարելի չվերհիշել մի շարք ֆիլմեր, որոնք վաղուց արդեն դարձել են այս ժանրի դասականներ:
Լեգենդար Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան 1992 թվականին աշխարհին ներկայացրեց իր հերթական հանճարեղ գործը՝ «Բրեմ Սթոքերի Դրակուլան»: Այս ֆիլմը կարելի է առանց երկար մտածելու դասել վամպիրների մասին պատմող անմահ ֆիլմերի շարքին:
Հիանալի դերասանական կազմ՝ Էնթոնի Հոփկինս, Քիանու Ռիվզ, Վայնոնա Ռայդեր և Դրակուլայի դերի համար «Սատուրն» մրցանակի արժանացած՝ Հարի Օլդման:
Ֆիլմը անչափ էսթետիկ կերպով ներկայացնում է արյան և բաց տեսարանները, ստիպում է անմնացորդ ընկղմվել 19 դարի լոնդոնյան մռայլ իրականություն, որի մառախլապատ գորշությունը իսկը տեղին է:
Ֆիլմի դեպքերը զարգանում են շատ համաչափ և ժամանակային տեղափոխությունները ոչ մի կերպ չեն խախտում ֆիլմի դրամտուրգիան:
Դրակուլային որպես վամպիր առաջին անգամ ներկայացրել է իռլանդացի գրող՝ Բրեմ Սթոքերը իր համանուն վեպում:
Այդ վեպում Դրակուլայի անձնական դրաման հիմնված է դժբախտ սիրո վրա, ինչ պատճառով էլ հենց նա դառնում է վամպիր:
Կոպոլայի այս ֆիլմից հետո շատ ռեժիսորներ են անդրադարձել Դրակուլայի թեմային, սակայն «Բրեմ Սթոքերի Դրակուլան» մնում է անգերազանցելի:
Բլեյդ/Блейд/Blade 1998

Վամպիրներին անդրադարձ է կատարվել ոչ միայն գրական ստեղծագործություններում, այլ նաև կոմիքսներում:
Հենց կոմիքսների հիման վրա է նկարվել «Բլեյդ» ֆիլմը, որը պատմում է կես մարդ-կես վամպիր Բլեյդի մասին, ով լուծում է իր մոր վրեժը՝ ում վամպիրները կծել էին դեռ իրենով հղի լինելու ժամանակ: Այդ իսկ պատճառով Բլեյդը օժտված է թե՛ մարդկային, և թե վամպիրային ունակություններով. նա չունի վամպիրների բոլոր թուլությունները՝ բացի արյան ծառավից, ինչն էլ նա հագեցնում է հատուկ շիճուկով, որը պատրաստում է իր ուսուցիչը՝ Ուիստլերը:
Ֆիլմը հիանալիորեն ներկայացնում է այն աշխարհը, որտեղ ապրում է գլխավոր հերոսը: Ֆիլմի սցենարիստները կարողացել են շատ ճիշտ ներկայացնել վամպիրների հիերարխիան, մարդկանց դերը և կարգավիճակը այդ ֆիլմում:
Նման ֆիլմերի հաջողության կարևորագույն էլեմնտներից է չարագործը: «Բլեյդում» դա Ֆրոսթն է: Ֆրոսթի և Բլեյդի եզրափակիչ մենամարտը տպավորիչ կերպով եզրափակում է ֆիլմը, ինչը բավականին դժվար է ստանալ մի ֆիլմում, որտեղ կան բազմաթիվ կռվի տեսարաններ:
1998 թվականի «Բլեյդ» ֆիլմը տրիլոգիայի առաջին մասն է, սակայն նրանից հետո նկարված երկու ֆիլմերը այդքան էլ տպավորիչ չեն:
Շարունակելի

