Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը «Ֆասթ Մեդիային» տված բացառիկ հարցազրույցում խոսել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում Վրաստանի թիմին երկու խաղերում խոշոր հաշիվներով պարտվելու (0-3, 1-6) պատճառների և իր թիմում առկա խնդիրների մասին:
«Երևանում կայացած հանդիպման առաջին 30 րոպեների ընթացքում վրացիները մեկ հարված էին կատարել մեր դարպասին, սակայն հետագայում մեր ֆուտբոլիստների անհատական սխալների պատճառով մրցակիցը պահեր ունեցավ և գոլեր խփեց: Պատասխան խաղում էլ մրցակցի ֆուտբոլիստների բարձր ճնշման ներքո եղան սխալներ, որոնց հետևանքը բաց թողած գոլերն են:
Մի քանի ֆուտբոլիստներ սխալվեցին այնպիսի իրավիճակներում, որոնցում նախկինում երբեք չէին սխալվել: Այս ամենն ազդեց մեր ինքնավստահության վրա:
Եթե հավաքականի կազմում լինեին անգամ Էդուարդ Սպերցյանն ու Լուկաս Սելարայանը, չենք կարող ասել, որ արդյունքներն ավելի լավը կլինեին: Վրաստանի հավաքականը մեզնից մեկ քայլ առաջ է: Նրանց կազմում խաղում են Եվրոպայի ազգային թոփ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներ:
Մենք պետք է աճենք: Լսել եք, որ հավաքականում վատ մթնոլորտ է: Խոսել եմ բոլոր 25 ֆուտբոլիստների հետ: Նրանց ասել եմ` կարևոր է՝ դուք ինչպիսին եք խաղադաշտում և դրանից դուրս:
Թիմ դառնալը գործընթաց է նաև խաղադաշտից դուրս, կարևոր են շփումներն ու ուսումնամարզական հավաքները: Հայաստանի հավաքականում ամեն ինչ մի փոքր այլ է. խաղադաշտից դուրս կան ֆուտբոլիստների առանձին խմբեր: Մեր նպատակը նրանց մեկ՝ ամբողջական մարմին դարձնելն է: Կարևոր է, որ հավաքականի ֆուտբոլիստները մեկ բռունցք լինեն»,- ասել է նիդերլանդցի մասնագետը: