2-րդ տուրում խաղացանկով նախատեսված 5 հանդիպումներից կայացան 3-ը, որոնց արդյունքում «Ուրարտուն», «Փյունիկն» ու «Վանը» ստանձնեցին առաջատարի դերը:
FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:
1. Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տարան, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: 3 հանդիպումներում խփվեց ընդամենը 2 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0,66 գոլ): Առաջնությունում անցկացված 8 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ են տարել, 4 խաղում գրանցվել է ոչ-ոքի, խփվել է 13 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,62 գոլ):
2. «Ուրարտուի» ղեկը կրկին ստանձնելուց հետո Ռոբերտ Արզումանյանն իր սաների հետ առաջին հաղթանակը տարավ: «Ուրարտուն» Fastex Պրեմիեր լիգայում «Գանձասարի» ամենաանհարմար մրցակիցներից մեկն է, որի հետ անցկացրած բոլոր 4 հանդիպումներում էլ հաղթել է 9-1 ընդհանուր հաշվով:

3. «Վանն» Էդգար Թորոսյանի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում: Թորոսյանը չարենցավանյան ակումբը գլխավորած 8-րդ մարզիչն է: Առավել երկար թիմում աշխատել է Սևադա Արզումանյանը, որի գլխավորությամբ «Վանը» բոլորից շատ՝ 59 խաղ է անցկացրել ՀՀ առաջնություններում:
Մեկնարկային երկու հանդիպումներում էլ «Վանի» դարպասապահ Գոռ Մանուկյանը դարպասն անառիկ է պահել, ինչը թիմային նոր ռեկորդ է: Միայն 2022/23թթ. առաջնության մեկնարկային խաղում էր «Վանին» հաջողվել դարպասն անառիկ պահել՝ նվազագույն հաշվով հաղթելով «Լեռնային Արցախին»:
4. «Արարատն» ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց: Հայաստանի առաջնություններում անցկացրած վերջին 5 հանդիպումներում դա արարատցիների 4-րդ պարտությունն էր: Հետաքրքիր է, որ վերջին հաղթանակն «Արարատը» տարել էր հենց «Վանի» նկատմամբ մայիսի 8-ին կայացած նախորդ առաջնության 26-րդ տուրի խաղում:

5. Նախորդ մրցաշրջանի համեմատ «Փյունիկը» բավական հաջող է մեկնարկել՝ 2 խաղում վաստակելով 4 միավոր: Հիշեցնենք, որ 2024/25թթ. առաջնությունը փյունիկցիները սկսել էին «Ուրարտուի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հաջորդ տուրում 0-2 հաշվով զիջել էին «Ալաշկերտին»:
6. «Շիրակն» առաջին միավորը վաստակեց՝ Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Փյունիկի» հետ: Նախորդ առաջնությունում շիրակցիները սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթել էին «Փյունիկին»՝ ընդհատելով մրցակցի հետ մրցավեճում առանց հաղթանակների 11 խաղերի շարքը (2 ոչ-ոքի, 9 պարտություն):
7. Էրիկի Դանիել Ռոդրիգես Բենտոն գոլով նշեց նորամուտը «Վանի» կազմում:
8. Ալեքսանդր Միլկովիչն ընդգրկվեց Հայաստանի առաջնություններում «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Շիրակի» հետ մրցավեճում Միլկովիչը 35 տարեկան 166 օրական էր: Սերբ պաշտպանը եզրափակում է թիմում խաղացած ամենատարեց այլազգի ֆուտբոլիստների եռյակը՝ առայժմ զիջելով Դավիթ Յուրչենկոյին (36 տարեկան 231 օրական) և Սերժ Դեբլեին (35 տարեկան 234 օրական):

9. Վասպուրակ Մինասյանը Fastex Պրեմիեր լիգայում 265-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց Հայաստանի առաջնություններում 21-րդ դարում առավել շատ հանդիպումների մասնակցած 25 ֆուտբոլիստների ցանկում: 404 խաղով ցանկը գլխավորում է Արտակ Գրիգորյանը: Գործող ֆուտբոլիստներից լավագույն ցուցանիշն ունի Հրայր Մկոյանը՝ 381 խաղ:
10. Սերոբ Գալստյանը նորամուտը նշեց «Փյունիկում», որը նրա համար Fastex Պրեմիեր լիգայի 3-րդ ակումբն է: Մինչև այդ նա խաղացել է ԲԿՄԱ-ում և «Արարատում»:


