Չարենցավանի «Վանն» արձագանքել է «Նոայի» տարածած հայտարարությանը:
««Վանը» կոչ է անում զերծ մնալ ամպագոռգոռ հայտարարություններից և չփորձել ակումբին ներքաշել տարատեսակ ոչ ֆուտբոլային ինտրիգների մեջ: Մենք նույնպես լիահույս ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ խաղի ժամանակ, չի վրիպել հանդիպման պատվիրակի և տեսուչի տեսադաշտից, անկախ նրանից, թե ոմանց անպարկեշտ բառամթերքը ինչ լեզվով էր:
Գլխավոր մարզիչ պարոն Գևորգյանի հետխաղային ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունը կարելի է ընդունել անկյունաքարային՝ «Պայքարը լինելու է թեժ, խաղադաշտի սահմաններում», մնացյալ բոլոր մեղադրանքները մեր հասցեին ոչ այլ ինչ են, քան էժանագին մանիպուլյացիա:
Հ.Գ. «Վան» ՖԱ-ն հորդորում է արտահայտություններում լինել կոռեկտ, մնալ ֆուտբոլի արդար խաղի, մարդկային և պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններում:
Կհանդիպենք ապրիլի 30-ին, թեժ է լինելու...»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ «Նոան» հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի մամուլի ասուլիսին: Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում թիմերի միջև կոնֆլիկտ էր տեղի ունեցել, որից հետո Գևորգյանը «Նոայի» մարզչական շտաբի պահվածքը «լկտի» էր որակել:


