Վարազդատ Լալայանի վստահ հաղթանակով ավարտվեց Թաիլանդի Պհուկետ քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը։
Եվրոպայի նորընծա չեմպիոնը գերծանր քաշային կարգում (+109 կգ) գրանցեց երկամարտի 463 կգ (210+253) արդյունք։ 24-ամյա ծանրորդը հաղթեց նաև պոկում ու հրում վարժություններում՝ նվաճելով փոքր ոսկե մեդալներ։ Յուրաքանչյուր վարժությունում Լալայանը կատարեց 2 հաջող մոտեցում։ Երկամարտում նա 9 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Դավուդիին։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 440 կգ (195+245) արդյունքով գրավեց 4-րդ տեղը։ Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 5-րդն էր, իսկ հրումում գրանցեց 4-րդ արդյունքը։ Երկու վարժությունում էլ նա հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը։
Կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն հայտավորվել էր մրցմանը, սակայն մրցահարթակ դուրս չեկավ։ Վրացի ծանրորդը չէր մասնակցել նաև այս տարվա փետրվարին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությանը, որտեղ Վարազդատ Լալայանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, իսկ Սիմոն Մարտիրոսյանը դարձել էր փոխչեմպիոն։

Հայ ծանրորդներից աշխարհի գավաթի խաղարկության 102 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանն ավելի վաղ դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունից հետո հրաժարվել էր պայքարից։ Անդրանիկ Կարապետյանն (89 կգ) էլ զրո էր ստացել պոկում վարժությունում։ Աշխարհի գավաթին մասնակցած բոլոր՝ 5 հայ ծանրորդներն էլ լրացրել են օլիմպիական վարկանիշ։
Աշխարհի գավաթի խաղարկությունը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վերջին վարկանիշային մրցաշարն է ծանրամարտում։ Փարիզ-2024-ի ուղեգիր են նվաճում վարկանիշային մրցաշարերում յուրաքանչյուր քաշային կարգում 10 լավագույն արդյունք գրանցած ծանրորդները։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) օլիմպիական ուղեգիր նվաճած ծանրորդների անունները կհրապարակի մայիսի վերջին:
Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը քառամյակի մարզական գլխավոր իրադարձությանը ներկայացված կլինի երեք ծանրորդով: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր երկիր մեկ քաշային կարգում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ: Արդեն հայտնի է, որ Հայաստանը կանանց պայքարում մասնակից չի ունենա, քանի որ Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականն անհրաժեշտ վարկանիշային միավորները չի վաստակել:


