Logo

Վարազդատ Լալայան. «Ոսկե մեդալի գինն արդեն ավելի բարձր է»

19:44 / 16.12.2024Ծանրամարտ
null

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնությունից վերադարձել է հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանում հայ ծանրորդներին դիմավորել են մի քանի տասնյակ մարզասերներ: Գերծանր քաշային կարգի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է նվաճման մասին:

«Գերծանր քաշային կարգում պայքարն ավելի է թեժանում: Այժմ ոսկե մեդալի գինն ավելի բարձր է: Պետք է ավելի շատ ջանք ու եռանդ գործադրել, որպեսզի ոսկե մեդալը միշտ բերեմ Հայաստան:

Օլիմպիական խաղերից հետո չէինք հանգստացել: Մարզումները շարունակել էինք անդադար: Սա իմ առավելագույնը չէր, բայց ինչքան պետք էր այդ պահին, կարողացա բարձրացնել: Երկար տարիներ այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է այլ ծանրորդ, այժմ ժամանակն էր, որ ուրիշը նվաճեր»,- ասել է 25-ամյա գյումրեցի ծանրորդը:

Հիշեցնենք, որ գերծանր քաշային կարգի մրցմանը չէր մասնակցել Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն, որը պատգամավոր է դարձել:

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ) առաջին անգամ աշխարհի առաջնության ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 467 (215+252 կգ) արդյունքով։ 

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանն Ուզբեկստանի հետ բաժանել է 4-5-րդ տեղերը։ Հայ ծանրորդները նվաճել են երկամարտի մեկական ոսկե և բրոնզե մեդալ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր, Գոռ Սահակյանը (73 կգ) գրավել էր 8-րդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ) զրո էին ստացել ու երկամարտի արդյունք չէին գրանցել, Գարիկ Կարապետյանը (109 կգ) պոկում վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել, իսկ հրմանը չէր մասնակցել վնասվածքի պատճառով, Տաթև Հակոբյանը (87 կգ) գրավել էր 13-րդ տեղը, Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի մրցման պայքարի մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել էր մրցելույթից։

Ֆոտո` ԿԳՄՍ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա