Logo

Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման

20:58 / 20.12.2024Ծանրամարտ
null

Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, գերծանր քաշային ծանրորդին պարգևը հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոններին, մրցանակակիրներին և աշխարհի չեմպիոններին:

Նախարարը շնորհավորել է Լալայանին՝ գրանցած վերջին հաջողությունների և հպարտության պահեր պարգևելու համար։

«Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի երկար սպասված կոչումը: Սա քրտնաջան ու երկարամյա աշխատանքի արդյունք է, ինչի առթիվ շնորհավորում եմ Ձեզ: Առանձնակի հպարտություն է, երբ միջազգային հարթակներում հնչում է մեր պետության հիմնը, ու բարձրանում է ՀՀ դրոշը: Պետություն ներկայացնելը շատ կարևոր պատասխանատվություն է»,- ասել է Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել ամբողջ տարվա ընթացքում գործադրած ջանքերի և կատարած աշխատանքի համար:

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ այս տարի սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության կարգում մեծաթիվ փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես՝ սահմանվել են մի շարք անվանակարգեր, այդ թվում՝ «Հանդիսատեսի համակրանք», որի քվեարկությունն իրականացվում է առցանց՝ այդ նպատակով «Telegram» սոցիալական հարթակում բացված ալիքում:

«Քվեարկությունն արդեն մեկնարկել ենք, ու երկրպագուները բավական ակտիվ են: Սա հանրության արձագանքն է մարզիկների մեծածավալ աշխատանքին, ինչը շատ կարևոր է»,- ասել է նախարարը:

25-ամյաա Լալայանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: Գյումրեցի մարզիկն ընդգծել է՝ իր համար մեծ պատիվ է լինել գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած առաջին հայ ծանրորդը:

«Կարողացա ուրախության պահեր պարգևել հայ ազգին, ինչի համար շատ հպարտ եմ: Սա, իսկապես, երկար սպասված նվաճում էր ինձ համար: Պայքարը շատ բարդ էր, բայց ուրախ եմ, որ աշխարհի առաջնության ոսկին վերջապես կարողացա բերել Հայաստան»,- ասել է  Լալայանն ու տեղեկացրել՝ առաջիկա ծրագրերը կապված են 2025 թվականի ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ծանրամարտի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրներին, Գյումրիում մարզումային պայմանների բարելավմանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:

Ֆոտո` ԿԳՄՍ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա