Logo

Վարազդատ Լալայանը` Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

19:53 / 20.02.2024Ծանրամարտ
null

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը չեմպիոնական և մեդալային ստացվեց Հայաստանի հավաքականի համար: Գերծանր քաշային կարգում (+109 կգ) Վարազդատ Լալայանն առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը հաղթեց երկամարտի 455 կգ (205+250) արդյունքով: 24-ամյա ծանրորդը լավագույնն էր նաև պոկում ու հրում վարժություններում` արժանանալով փոքր ոսկե մեդալների։

Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղը գրավեց երկամարտի 437 կգ (190+247 կգ) արդյունքով։ 27-ամյա Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրումում գրանցեց երկրորդ արդյունքը և շրջանցեց Էդուարդ Զեզյուլինին: Բելառուս ծանրորդը երկամարտում 1 կգ զիջեց Սիմոն Մարտիրոսյանին ու դարձավ բրոնզե մեդալակիր:

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն վնասվածքի պատճառով հրաժարվեց մասնակցությունից։ Մրցումից առաջ վրացի ծանրորդը մյուս մասնակիցների հետ դուրս եկավ մրցահարթակ, սակայն մեդալային պայքարին չմիջամտեց։

Հայաստանի հավաքականը 4 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե մեդալով դարձավ թիմային հաշվարկի հաղթող:

Հիշեցնենք, որ նախորդ մրցումային օրերին հայ ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Հակոբ Մկրտչյանը (96 կգ), արծաթե մեդալի էին արժանացել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրել էր 7-րդ տեղը, Լիանա Գյուրջյանը (81 կգ) 4-րդն էր, Տաթև Հակոբյանը (87 կգ) 4-րդն էր, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) 5-րդն էր, իսկ Պետրոս Պետրոսյանը (109 կգ) պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ վնասվածք էր ստացել և չէր շարունակել պայքարը:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ