«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի է ունենալու օգոստոսի 23-ին՝ Սևանա լճում, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Մրցումն անցկացվելու է Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում:
Նախարարությունը հիշեցնում է, որ ավելի վաղ փոփոխություն էր տեղի ունեցել մրցաշարի հաղթողների պարգևատրման կարգում: Ըստ այդմ՝ դրամական մրցանակներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:
Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերում 1-10-րդ տեղ գրաված մասնակիցների համար՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
Կանայք մրցելու են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր տարածությունում:
Մրցաշարին կարող են մասնակցել 18 տարին բոլորած բոլոր ցանկացողները՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ: Ընդ որում՝ ՀՀ քաղաքացիություն չունեցողները մասնակցելու են հաշվարկից դուրս:
Չեն կարող մասնակցել ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում ընդգրկված կամ վերջին հինգ տարիներին Հայաստանի առաջնություններին ու միջազգային մրցաշարերի մասնակցած մարզիկները։ Նաև մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով:
Մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը) անհրաժեշտ է մինչև հուլիսի 22-ը ներառյալ ներկայացնել ՀՀ լողի ֆեդերացիա (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացի փողոց, 1/1 շենք, էլ. հասցե`[email protected])։


