
Օրը կրկին հագեցած էր հայկական ֆուտբոլին վերաբերող անցուդարձով: Իրադարձություններ են տեղի ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս, բայց տեղեկություններն այսպես, թե այնպես առնչվում են հայկական ֆուտբոլին և հետաքրքրում հայ երկրպագուներին:
Հոկտեմբերի 18-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, A խումբ, 3-րդ տուր. «Բենֆիկա» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ». Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել մրցավարի ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին: Ժոզե Մոուրինյոյի թիմն իր խմբի առաջատարն է:
Հոկտեմբերի 19-ին Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ մրցելու է «Ռեալ Սոսյեդադի» հետ: Հանդիպումը մեկնարկելու է 21:00-ին: Տիգրան Բարսեղյանի և Հովհաննես Համբարձումյանի թիմը նախորդ 2 տուրում պարտություններ է կրել՝ զիջելով «Զենիթին» (0-5) և «Ռոսենբորգին» (1-3):
«Եվրո-2018» (աղջիկներ), ընտրական փուլ, 10-րդ խումբ, 1-ին տուր. Շոտլանդիայի Մ-19 2-0 Հայաստանի Մ-19. առաջին խաղակեսից հետո հաշիվը բացված չի եղել, իսկ ընդմիջումից հետո շոտլանդուհիներին հաղթանակ են պարգևել Լորեն Դեվիդսոնի գոլը և Հայաստանի հավաքականի դարպասապահ Լենա Անդրիասյանի ինքնագոլը:
Սլովակիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ. «Ժիլինա» 3-0 «Պոդբրեզովա». Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել 82-րդ րոպեին: «Ժիլինան» պայքարը կշարունակի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում:

Տիգրան Բարսեղյանը՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ ԵԼ առաջիկա խաղի մասին. «Լավ խաղի եմ սպասում: Բոլորս ենք հասկանում վաղվա հանդիպման կարևորությունը: Ամեն ինչ կանենք լավ արդյունքի հասնելու համար: «Ռեալ Սոսյեդադը» լավ խաղացողներով բարձրակարգ թիմ է, բայց, կարծում եմ, երկրպագուների աջակցությամբ և մարզչի պահանջները կատարելով կարող ենք հաղթանակ տոնել»:

Տիգրան Բարսեղյան. «Կարևոր չէ՝ ես ինչ դիրքում հանդես կգամ, միշտ տրվում եմ 100%-ով, երբ դուրս եմ գալիս խաղադաշտ: Ֆուտբոլը թիմային խաղ է, և պետք է լավ հանդես գալ որպես թիմ: Ես հավատում եմ, որ մենք կգտնենք հաղթանակի բանալին»:
ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգա, A խումբ, 3-րդ տուր. ԲԿՄԱ Մ-19 2-3 «Բազել» Մ-19. Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: ԲԿՄԱ Մ-19-ը 4-րդ հորիզոնականում է:

