«Վայք» ՖԱ-ն Հայաստանը կներկայացնի ՈւԵՖԱ-ի տարածաշրջանային գավաթի խաղարկությունում, որը սիրողական մրցաշար է: Հայաստանը 2011 թվականից հետո այս մրցաշարին առաջին անգամ է մասնակցելու:
«Վայքը» նախաորակավորման փուլում հանդես կգա A խմբում, որտեղ կմրցի Ալբանիայի սիրողական հավաքականի և Էստոնիայի «Սաուեի» թիմի հետ:
Մայիսի 20-ին «Վայքը» կմրցի Ալբանիայի, իսկ երեք օր անց՝ «Սաուեի» դեմ: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան Ալբանիայի «Էլբասան արենայում»:
Երեք թիմերի պայքարում առաջին տեղը գրավելու դեպքում «Վայքը» Չեխիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Շոտլանդիայի սիրողական հավաքականների հետ կխաղա որակավորման հիմնական փուլի 5-րդ խմբում։
Որակավորման հիմնական փուլի բոլոր հանդիպումները կկայանան մինչև 2024 թվականի դեկտեմբերի 6-ը։ Մրցաշարը տեղի կունենա 2025 թվականի հուլիսին։
Այս մրցաշարն անցկացվում է 1999 թվականից, երկու տարին մեկ պարբերականությամբ:
Հիշեցնենք, որ «Վայքը» Հայաստանի սիրողական A լիգայի հաղթողն է: