«Վայքը» ֆուտբոլի Հայաստանի սիրողական Ա Լիգայի եզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց «Կիլիկիային» ու դարձավ մրցաշարի հաղթող:
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, իսկ երկրորդ կեսի միջնամասում «Վայքի» կազմում խաղի հաղթական գոլը խփեց Սիմոն Օբոնդեն:
Երրորդ տեղի համար խաղում ավելի վաղ մրցել էին «Բենտոնիտն» ու «Արարատի Արաքսը»: Գոլառատ ու լարված պայքարում 3-2 հաշվով հաղթել էր «Արարատի Արաքսը»:
18 գոլով մրցաշարի գլխավոր ռմբարկու դարձավ առաջնության երրորդ մրցանակակիր «Արարատի Արաքսի» հարձակվող Ռոջեռ Ռոզիսկիդ Կոմլա Ակատոն, որին պարգևատրեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։
Երրորդ տեղը զբաղեցրած «Արարատի Արաքսը» և փոխչեմպիոն «Կիլիկիան» պարգևատրվել են հաջորդ մրցաշրջանում Հայաստանի գավաթի խաղարկությունում հանդես գալու իրավունք ընձեռող հավաստագրով: Մրցանակները նրանց հանձնել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։
Սիրողական Ա Լիգայի 2023/24 մրցաշրջանում հաղթած «Վայքը» պարգատրվել է հաջորդ մրցաշրջանում Հայաստանի գավաթի խաղարկությունում հանդես գալու իրավունք ընձեռող սերտիֆիկատով, ինչպես նաև UEFA Regions’ Cup միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնելու իրավունք ընձեռող հավաստագրով:
Մրցանակները «Վայքի» գլխավոր մարզիչ Սիմոն Համբարձումյանին հանձնել է Աբրահամ Խաշմանյանը: Չեմպիոնին ոսկե մեդալներով ու չեմպիոնական գավաթով պարգևատրել է հայկական ֆուտբոլի լեգենդ, ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հանդիպումը հեռարձակվում էր Fast Sports-ի ուղիղ եթերում:
Լուսանկարը՝ ՀՖՖ


