«Վան» - ԲԿՄԱ
7 օգոստոսի, ժ.17:30, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
4 խաղ, «Վանը» հաղթել է 1 անգամ, ԲԿՄԱ-ն ՝ 1, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-3
«Վան»՝ 2-րդ տեղ (3 միավոր), ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (0 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Վանն» առաջնությունը սկսեց հաղթանակով՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Լեռնային Արցախին»: Մեկնարկային խաղում մարզական բախտն իրոք «Վանի» կողմն էր, որը կարող էր պարտված թողնել խաղադաշտը:

Սակայն 86-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստ Յեյսոն Ռասինեսը չիրացրեց 11մ հարվածը, որը հետ մղեց թիմ վերադարձած Սամուր Ագամագոմեդովը: Իսկ ահա ավելացված ժամանակում «Լեռնային Արցախի» դարպասին նշանակված 11մ հարվածը հաջող իրացրեց Էդգար Մովսեսյանն ու հաղթանակ պարգևեց «Վանին»:
Մովսեսյանը դարձավ առաջնության անդրանիկ գոլի հեղինակ: Հետաքրքիր է, որ նա բացել էր նաև նախորդ առաջնության գոլերի հաշիվը՝ «Փյունիկի» կազմում գրավելով ԲԿՄԱ-ի դարպասը
2. Առաջնության մեկնարկն անհաջող էր ԲԿՄԱ-ի համար, որը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Շիրակին»: Այդ խաղում մեկամյա ընդմիջումից հետո կրկին ԲԿՄԱ-ի մարզաշապիկը կրեց Ժիրայր Շաղոյանը՝ Բարձրագույն խմբում առաջին հանդիպումն անցկացնելով բանակայինների կազմում:

3. «Վանը» շարունակում է կազմի համալրումը: Օրերս թիմին է միացել 27-ամյա սերբ պաշտպան Միլան Լալիչը: Նա հանդես է եկել Բոսնիայի Պրեմիեր լիգայում, սերբական թիմերում, վրացական «Սամտրեդիայում»:
4. Առաջնության մեկնարկային խաղում «Վանի» կազմում նորամուտը նշած ֆուտբոլիստների թվում էր նաև Գեղամ Հարությունյանը: 31-ամյա փորձառու ֆուտբոլիստն ընթացիկ առաջնության մասնակիցներից ամենաարդյունավետն է VBET ՀՊԼ-ում՝ խփելով 57 գոլ: «Վանը» հայկական 4-րդ ակումբն է, որում հանդես է գալիս Հարությունյանը: Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Ուլիսում», այնուհետև երկար տարիներ խաղացել է «Գանձասար-Կապանում», որի լուծարումից հետո ելույթները շարունակել է «Նոայում»:
5. Նախորդ առաջնությունում «Վանն» ու ԲԿՄԱ-ն ամենացածր արդյունավետություն ունեցող թիմերն էին: «Վանն» անցկացրած 32 հանդիպումներում 19 գոլ էր խփել, բանակայինները 25 անգամ էին գրավել մրցակիցների դարպասները:
«Վանի» լավագույն ռմբարկուն թիմից հեռացած Զավեն Բադոյանն էր, որի հաշվին 5 գոլ էր գրանցվել: ԲԿՄԱ-ում առավել արդյունավետ էին գործել Գրենիկ Պետրոսյանն ու Էդգար Մովսեսյանը՝ խփելով 4-ական գոլ:


