Logo

VBET ՀՊԼ․ «Վանը» շարունակում է զարմացնել, «Նոան» բախվել է լուրջ խնդիրների․ Մեկնարկային 4 տուրի ամփոփումը

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
15:52 / 24.08.2022• Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
VBET ՀՊԼ-2022

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ մրցաշրջանն աստիճանաբար հունի մեջ է մտնում։ Իհարկե, դեռ վաղ է ու բարդ ամբողջական գնահատական տալ թիմերի խաղային որակներին և արդյունքներին, սակայն ստեղծվել է մեկնարկային շատ հետաքրքիր պատկեր, որը շատերի համար անակնկալ էր։

«Ալաշկերտ»․ 4 խաղ, 10 միավոր, 1-ին տեղ

Հերթական մրցաշրջանի մեկնարկում «Ալաշկերտը» ցուցադրեց, որ այս տարի նույնպես չեմպիոնական պայքար է մղելու։ Մեկնարկային երեք տուրում Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը նույնքան հաղթանակ տարավ, սակայն թիմի խաղում կային մի շարք խնդիրներ և կետեր, որոնք շտկելու կարիք ունեն։ Չորրորդ տուրում «Ալաշկերտը» կորցրեց առաջին միավորները՝ ոչ-ոքի խաղալով «Արարատ-Արմենիայի» հետ։ Խաղից հետո Կարեն Բարսեղյանը նշեց, որ իր թիմը որակական առումով ամենալավ խաղն անցկացրեց՝ չնայած միավորների կորստին։

Վստահ մեկնարկը Հայաստանի քառակի չեմպիոնին հնարավորություն կտա առնվազն մրցաշրջանի առաջին կեսում պայքարել լավագույն եռյակում գտնվելու համար։ «Ալաշկերտը» և «Լեռնային Արցախը» կարևոր վիճակագրությամբ գտնվում են միանգամայն տարբեր բևեռներում։ Առաջնության նորեկի մասին դեռ կխոսենք։ Հատկանշական է, որ «Ալաշկերտը» երեք հաղթանակներից երկուսի դեպքում հաղթական գոլը խփել է ավելացված ժամանակում։

VBET ՀՊԼ 1

«Վան»․ 4 խաղ, 10 միավոր, 2-րդ տեղ

«Վանը» մրցաշրջանի մեկնարկի իսկական հայտնությունն է։ Չարենցավանցիները միայն խփած և բաց թողած գոլերի հարաբերակցության պատճառով են երկրորդ տեղում։ Առաջնության մեկնարկից առաջ սպասելիքներն այս ակումբից մեծ չէին։ Առաջին տուրում Արթուր Ասոյանի գլխավորած թիմը 1-0 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»։ Այդ հանդիպման հատկապես երկրորդ կեսում «Լեռնային Արցախը» շատ ավելի լավ էր խաղում, բայց վերջնամասում վրիպեց 11-մետրանոցից ու քիչ անց գոլ բաց թողեց։ Երկրորդ տուրից սկսած՝ Ասոյանի թիմը որակի առումով այլ խաղ մատուցեց ֆուտբոլասերին։ Նախ՝ ԲԿՄԱ-ի հետ ոչ-ոքի։ Այդ հանդիպման առաջին կեսում էլ «Վանը» չտպավորեց և բաց թողեց երկու գոլ։ Երկրորդ խաղակեսում ֆուտբոլիստները դաշտ դուրս եկան կերպարանափոխված և կարողացան երկու գոլ խփել։ Ավելին, խաղավերջում «Վանի» խաղացողները մեծ ճնշման տակ էին պահում մրցակցի պաշտպաններին և կարող էին նաև հաղթանակ կորզել։ Երրորդ տուրում «Վանը» ցույց տվեց, որ ցանկացած մրցակցի համար իրական «գլխացավանք» է լինելու։

Առաջնությունը հիանալի սկսած «Ուրարտուն» սեփական մարզադաշտում կրեց առաջին պարտությունը։ Այդ խաղում Ասոյանի տղաներն աչքի ընկան թիմային բարձր կարգապահությամբ, ինչն էլ հաղթանակի գլխավոր գրավականը դարձավ։ Չորրորդ տուրում էլ «Վանը» նույն 1-0 հաշվով հաղթեց չեմպիոն «Փյունիկին»։ Այս հաղթանակը նույնպես արտագնա էր։ Ստացվում է, որ սեփական խաղադաշտում անցկացրած միակ խաղում Ասոյանի թիմը ոչ-ոքի է խաղացել, իսկ արտագնա երեք հանդիպումները հաղթել միևնույն 1-0 հաշվով։ Բնականաբար, այսուհետ բոլոր մրցակիցները այլ կերպ են մոտենալու «Վանի» դեմ խաղերին։ Հաջորդ խաղերում էլ ավելի հետաքրքիր է լինելու տեսնել՝ որքանով է պատրաստ չարենցավանյան թիմը կրկնակի մոտիվացված մրցակիցների դեմ պայքարին։

VBET ՀՊԼ 2

«Ուրարտու»․ 4 խաղ, 9 միավոր, 3-րդ տեղ

Դմիտրի Գունկոյի գալուց ու հաջող տրանսֆերային աշխատանքից հետո այս մրցաշրջանում «Ուրարտուից» սպասելիքները մեծ են։ Երևանյան ակումբին նույնիսկ կարելի է ստվերային ֆավորիտ համարել չեմպիոնական մրցավազքում։ «Ուրարտուն» չորս խաղից երեքում հաղթել է։ Միակ պարտությունը վերոնշյալ խաղում էր՝ «Վանի» դեմ։ Կոնկրետ այդ խաղում Գունկոն այդպես էլ չկարողացավ բացել մրցակցի թիմային շերտավոր պաշտպանությունը, որն ամենևին «ավտոբուս» չէր։ Հարձակման գծում նկատվեցին խնդիրներ, և նման սցենարով ընթացող առաջիկա խաղերում ռուս մասնագետը կարող է բախվել նույն խնդրին։

«Ուրարտուն» իր միակ գոլը բաց է թողել հենց այդ խաղում, իսկ մնացած երեք հաղթական հանդիպումներում խփել է 9 գոլ։ Վերջապես իր գոլային հոտառության մասին հիշեցրեց ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասը, որը «Նոայի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ 5 րոպեում, մեկ գոլ էլ խփել էր «Շիրակի» դարպասը։ Չորս խաղում երկուական գոլի հեղինակ են դարձել Օլեգ Պոլյակովը և Մաքսիմ Մայրովիչը։ Նոր ակումբում առաջին գոլը խփեց նաև թիմի նորեկներից, հարձակվող Լեոն Սաբուան։ Այս առումով Գունկոյի թիմում ամեն ինչ կարգին է։ Հարձակվողները կարողանում են կատարել իրենց բուն պարտականությունները։ Հետաքրքիր պատկեր է ստեղծվել նաև պաշտպանական գծում։ Ձախից իր հաստատված տեղն ունի թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը։ Աջ եզրում վերջին երկու խաղում մեկնարկային րոպեներից դաշտ է դուրս եկել Խարիտոն Այվազյանը։ Տեսնենք՝ որքանով կկարողանա Խարիտոնը մրցակցություն ապահովել Նանա Անտվիի հետ։ Գունկոն, կարծես, վստահում է Այվազյանին և պատրաստվում է բավարար խաղաժամանակ և շանս տրամադրել պաշտպանին։ Այստեղ մեկ այլ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։

Դմիտրի Գունկոն խաղում է չորս պաշտպանով։ Կենտրոնական պաշտպանի դիրքում աստիճանաբար ամրապնդվում է Վադիմ Պարամոնով - Էվերսոն զույգը։ Սա նշանակում է, որ առաջիկա մրցաշրջանում շատ բարդ է լինելու 21-ամյա հեռանկարային պաշտպան Արման Ղազարյանի համար։ Ռոբերտ Արզումանյանը վերջինիս օգտագործում էր երեք կենտրոնականներից մեկի դերում։ Այժմ Ղազարյանը ստիպված է լինելու պայքարել Պարամոնով - Էվերսոն զույգի հետ։ Կիսապաշտպանության կենտրոնում նույնպես «Ուրարտուի» գործերը վատ չեն։ Աղասարյան - Իվու - Մկրտչյան խաղակցված եռյակին է միացել բավականին լավ որակներ ունեցող բրազիլացի Մարկոս Ժունիորը։ Այս դիրքում ևս մեկնարկային կազմում ընդգրկվելու համար պայքարը խոստանում է թեժ լինել։

VBET ՀՊԼ 3

«Արարատ-Արմենիա»․ 3 խաղ, 4 միավոր, 4-րդ տեղ

«Արարատ-Արմենիան» այն երեք թիմերից մեկն է, որին ամենաշատ հարցերը կարելի է հղել։ Առաջնության մեկնարկում Վարդան Բիչախչյանի թիմը անատամ խաղով պարտվեց «Ուրարտուին»՝ շարունակելով «Պայդեից» սկսած անհաջող շարքը։ «Փյունիկի» դեմ կայանալիք երկրորդ տուրի հանդիպումը հայտնի պատճառով հետաձգվեց։ Երրորդ տուրում Հայաստանի կրկնակի չեմպիոնը տոնեց առաջին հաղթանակը՝ չնայած «Արարատի» դեմ հաղթական խաղում էլ մի շարք խնդիրներ կային։ Այդ հաղթանակը հույս էր ներշնչում, որ վերջապես պատկերը կփոխվի, սակայն հաջորդ խաղում Բիչախչյանի թիմը կրկին չկարողացավ հաղթել՝ ոչ-ոքի խաղալով «Ալաշկերտի» հետ։ Այդ խաղում «Ալաշկերտը» շատ ավելի լավ տեսք ուներ և ավելի մոտ էր հաղթանակին։ Դեռ չի արդարացնում այս ակումբի կատարած սելեկցիոն աշխատանքը։ Ամռանը եկան մի շարք նորեկներ, որոնցից շատերն այդպես էլ չեն ցուցադրում այն խաղը, որը կարելի էր նրանցից ակնկալել։ Ինչու՞ ձեռք բերել Վսևոլոդ Երմակովին, եթե կա Դմիտրի Աբակումով։ Ինչո՞վ է Բիչախչյանի հետ «Շիրակում» ու «Արարատում» աշխատած ռուս դարպասապահը գերազանցում Աբակումովին։ Միանշանակ, նրանց միջև հսկայական տարբերություն չկա։ 

Խաղային առումով ի՞նչ կտա «Արարատ-Արմենիային» 34-ամյա Գևորգ Ղազարյանի հետ պայմանագիր կնքելն ու Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից Ժիրայր Շաղոյանից բաժանվելը։ Հանդերձարանում Ղազարյանի պես փորձառու խաղացող ունենալը, միանշանակ, չի խանգարի, բայց Շաղոյանի հեռանալն անհասկանալի որոշում էր շատերի համար։ 

Ուրախացնող է, որ մեկնարկային կազմում ամրապնդվում է Ստյոպա Մկրտչյանը՝ չնայած, որ նախորդ խաղից հետո Վարդան Բիչախչյանը դժգոհեց Մկրտչյան - Բուենո կենտրոնական պաշտպանների զույգի խաղից։ Ցանկացած թիմ պետք է ունենա իր առաջատարը, դեմքը։ Չի բացառվում, որ Մաիլսոն Լիման շուտով կարող է հեռանալ «Արարատ-Արմենիայից»։ Թիմի առաջատարի կարգավիճակում կարելի է տեսնել երկու-երեք ֆուտբոլիստի․ Արմեն Համբարձումյան և Դմիտրի Աբակումով։ Երկու ֆուտբոլիստներ, որոնք թիմում են ստեղծման օրվանից։ Բայց, եթե նրանք չեն համարվում հիմնական կազմի ֆուտբոլիստ, հիանալի տարբերակ կարող է լինել Ալեմաոն։ Խաղադաշտում մինչև վերջ ցանկացած գնդակի համար կռիվ տվող մարտիկ, որը երրորդ տարին է անցկացնում թիմում։ Գուցե հենց այդպիսի խաղացողների շուրջ պետք է կառուցել ամեն բան։

Եթե թիմում չկա ծանրակշիռ մեկը, որի դերը տարբերվում է մնացածից, ապա շատ դժվար կլինի մտածել արդյունքների մասին։ Ի դեպ, Արտյոմ Ավանեսյանին նույնպես կարելի է համարել նմանատիպ խաղացողների թվում, քանի որ նա էլ այս ակումբի հիմքերում է։ Պարզապես, Արտյոմը դեռևս երիտասարդ է և ժամանակ ունի՝ ավելի մեծ դերի հավակնելու համար։ Վարդան Բիչախչյանը «Ալաշկերտի» դեմ խաղից հետո նշեց, որ լեզվական որոշակի խնդիրներ կան, քանի որ թիմում հավաքված են տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Բիչախչյանն առաջին անգամ է աշխատում նման կազմի հետ։ Գլխավոր մարզիչ ընտրելիս ակումբները պետք է հաշվի առնեն նաև այդ հանգամանքը։ Թվում է՝ մանրուք է, բայց իրականում շատ մեծ խոչընդոտ է։ Մի խոսքով, «Արարատ-Արմենիայում» բարդ իրավիճակ է։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ հանգուցալուծում է ստանալու այս դժվար փուլը։

VBET ՀՊԼ 4

«Լեռնային Արցախ»․ 4 խաղ, 4 միավոր, 5-րդ տեղ

31-րդ մրցաշրջանի նորեկներից մեկը հետաքրքիր մեկնարկ է ապահովել։ Չորս խաղում նույնքան միավոր, սակայն, ինչպես տնտեսագետներն են սիրում ասել, այլ հավասար պայմաններում այս թիմի միավորները շատ ավելին կարող էին լինել։ Մեկնարկային տուրում, ավելի արժանի լինելով հաղթանակին, պարտվեցին «Վանին»։ Երկրորդ տուրում առաջին հաղթանակը տարան՝ 1-0 հաշվով հաղթելով «Նոային»։ Հաջորդ խաղում «Լեռնային Արցախը» մինչև վերջ կռիվ տվեց «Ալաշկերտի» հետ՝ ավելացված ժամանակում գոլ բաց թողնելով և պարտվելով 0-1 հաշվով։

Չորրորդ տուրում էլ նույն հաշվով հաղթում էր ԲԿՄԱ-ին, բայց ավելացված ժամանակում գոլ բաց թողեց և զրկվեց հաղթանակից։ Կարող էր այնպես ստացվել, որ Արտաշես Ադամյանի գլխավորած թիմի մասնակցությամբ չորս խաղում էլ գրանցվեր 1-0 հաշիվ։ «Լեռնային Արցախը» կարող էր ունենալ 10 միավոր, եթե ավելացված ժամանակում գոլ բաց չթողներ, եթե ավելացված ժամանակում հաղթանակը բաց չթողներ, բայց հասկանալի է, որ եթե-ներով ֆուտբոլում չեն հաղթում։ Ամեն դեպքում, մեկնարկային մրցաշրջանի առաջին հատվածն այնքան էլ վատը չէ։ Մնում է՝ Ադամյանի թիմը կարողանա պահել տեմպը։

«Շիրակ»․ 4 խաղ, 4 միավոր, 6-րդ տեղ

Անկախ մեկնարկային արդյունքներից՝ «Շիրակը» կրկին համ ու հոտ բերեց հայկական ֆուտբոլի էլիտա։ Վերջին տասնամյակում գյումրեցիներն առաջին անգամ Բարձրագույն խմբում խաղում են ոչ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ։ Տիգրան Դավթյանի թիմը պինդ կորիզ ունի, քանի որ համալրվել է մի շարք նորեկներով։ ԲԿՄԱ-ի նկատմամբ հաղթանակ, «Արարատի» դեմ ոչ-ոքի։ Այս ընթացքում «Շիրակը» պարտվել է «Ուրարտուին» և «Փյունիկին», սակայն երկու խաղում էլ բազմաթիվ խնդիրներ է ստեղծել մրցակիցների համար։ Մրցաշրջանի առաջին հատվածի համար ցուցադրած խաղը և գրանցած արդյունքները կարելի է գնահատել բավարար, չնայած գյումրեցիները հետագայում կարող են ձգտել ավելիին։

VBET ՀՊԼ 5

«Արարատ»․ 4 խաղ, 4 միավոր, 7-րդ տեղ

«Արարատը» մրցաշրջանը մեկնարկեց չեմպիոն «Փյունիկի» նկատմամբ հաղթանակով, բայց հաջորդ խաղերում չկարողացավ զարգացնել հաջողությունը։ «Ալաշկերտի» դեմ խաղում Արամ Ոսկանյանի թիմը հատվածաբար լավ տեսք ուներ, սակայն ամենակարևոր պահերին չկարողացավ բեկել խաղի ընթացքը և պարտվեց 0-2 հաշվով։ Հաջորդ խաղում նույն հաշվով «Արարատը» պարտվեց «Արարատ-Արմենիային»։ Այդ խաղում էլ Ոսկանյանի թիմը պահեր ստեղծեց, բայց իրացնելու խնդիր ուներ։ Նախորդ խաղում էլ գոլազուրկ ոչ-ոքի «Շիրակի» հետ։ «Արարատի» ներկայիս կազմը, անխոս, կարող է և պետք է պայքարի ավելի բարձր տեղերի և արդյունքների համար։ Չորս խաղից հետո վաստակած միավորները չեն համապատասխանում թիմի իսկական ներուժին։

VBET ՀՊԼ 6

«Փյունիկ»․ 3 խաղ, 3 միավոր, 8-րդ տեղ

Հայաստանի գործող չեմպիոնին կարելի է անդրադառնալ բացառության կարգով։ «Փյունիկը» շատ կարևոր հանդիպումներ է անցկացնում եվրագավաթներում և պայքարում է Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլ դուրս գալու համար։ Արդեն հիմա տեսանելի է, որ Եղիշե Մելիքյանի համար շատ ծանր է լինելու երկու ճակատով պայքարելը։ Երեք խաղում մեկ դժվարին հաղթանակ, երկու պարտություն։ «Փյունիկը» համալրվել է բազմաթիվ նոր ֆուտբոլիստներով։ Այդ խաղացողներից մի քանիսը կարևոր դերակատարում ունեն եվրագավաթային խաղերում։ Նրանք, ովքեր այնքան էլ շատ խաղաժամանակ չեն ստանում միջազգային խաղերում, պետք է կարողանան իրենց լավ դրսևորել ներքին առաջնությունում։

Նոր ֆուտբոլիստներից շատերն այդպես էլ չեն արդարացնում սպասելիքները։ Մելիքյանը նույնպես դժգոհ է մի շարք խաղացողների ցուցադրած խաղից։ Խնդրի մյուս կողմն ավելի ցավալի է։ Տարիներ առաջ «Փյունիկը» Հայաստանի հավաքականներին ֆուտբոլիստներ մատակարարող գլխավոր ակումբն էր։ Այսօր ակումբի ակադեմիայում դեռ չկան ֆուտբոլիստներ, որոնց օգնությամբ կկարողանա կռիվ տալ VBET ՀՊԼ-ում։ Սա առանձին և շատ երկար ծավալվելու հարց է։ «Փյունիկին» հաջողություն մաղթենք «Շերիֆի» դեմ պատասխան խաղում։

VBET ՀՊԼ 7

ԲԿՄԱ․ 4 խաղ, 3 միավոր, 9-րդ տեղ

ԲԿՄԱ-ից այս մրցաշրջանում պետք է մեծ սպասելիքներ ունենալ։ Նախորդ մրցաշրջանի համեմատ՝ այս անգամ թիմի կազմը թրծված է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղալով։ Բացի այդ, ԲԿՄԱ-ի կազմը համալրել են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Ժիրայր Շաղոյանը, Հենրի Ավագյանը, Արգիշտի Պետրոսյանը և Սերոբ Գրիգորյանը։ Այս կազմից կարելի է սպասել ավելին, քան նախորդ մրցաշրջանի թիմից։ Սակայն, ինչպես ցույց է տալիս առաջնության մեկնարկը, Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ խաղացող թիմը մոտավորապես նույն խնդիրներին ունի, ինչ նախորդ մրցաշրջանում։ Գոլային պահերի իրացման առումով ԲԿՄԱ-ն ավելացնելու շատ տեղ ունի։ Պաշտպանությունում էլ ամեն ինչ բարձր մակարդակի վրա չէ։ Ռաֆայել Նազարյանի տրամադրության տակ են այնպիսի որակներով խաղացողներ, որոնց հետ կարելի է պայքարել ավելի բարձր տեղերի համար։

VBET ՀՊԼ 8

10․ «Նոա»․ 4 խաղ, 1 միավոր, 10-րդ տեղ

«Նոայի» ելույթները, մեղմ ասած, չեն տպավորում։ Առաջին հայացքից արտասովոր բան չկա։ Թիմում հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ են, և նրանց ժամանակ է հարկավոր։ Իգոր Պիկուշչակը մեկ ամիս առաջ «Նոայից» տեղափոխվեց ղազախական «Ակժայիկ»։ Այս ընթացքում մոլդովացի մասնագետի գլխավորությամբ «Ակժայիկը» մասնակցել է վեց հանդիպման՝ հաղթելով չորսում և կրելով ընդամենը մեկ պարտություն։ Շատ լավ կլիներ, որ Պիկուշչակը, որը Հայաստանում ևս ապացուցել էր իր բարձր կարգը, աշխատեր երիտասարդ ֆուտբոլիստների հետ։ Վստահաբար, վերջիններս աճ կգրանցեին՝ նրա հետ աշխատելով։ 

Օրեր առաջ հրաժարական տվեց գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը, որին կփոխարինի«Ուրարտուից» հեռացած Ռոբերտ Արզումանյանը։

Չորրորդ տուրի՝ «Ուրարտուի» դեմ խաղում «Նոան» դաշտ դուրս եկավ նախատեսվածից շատ ավելի ուշ։ Ըստ խոսակցությունների՝ ֆուտբոլիստները փորձել են բոյկոտել հանդիպումը, քանի որ տևական ժամանակ աշխատավարձ չեն ստանում։ Եթե իսկապես կան ֆինանսական խնդիրներ, այդ դեպքում ո՞րն է տարբեր երկրներում մի քանի ակումբ պահելու տրամաբանությունը, ինչն անում է «Նոա» հոլդինգը։ 

VBET ՀՊԼ 9

Ակումբների ֆինանսական խնդիրները դարձել են հայկական ֆուտբոլի անբաժանելի մասը։ Հիշենք՝ վերջին տարիներին քանի՞ հայկական ակումբ է բացվել և շատ արագ փակվել։ Ցավալին այն է, որ նման երևույթները սովորական են դարձել և չեն զարմացնում ֆուտբոլասերին։

Անկախ ամեն ինչից՝ չորս տուրից հետո VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ծավալվել է բավականին հետաքրքիր պայքար, որը կարող է երկար պահպանվել։ Չնայած թերություններին՝ Հայաստանի առաջնության գրավչությունը անկանխատեսելի լինելն է, ինչը մրցաշրջանի հետագա ժամանակահատվածում երկրպագուներին պահելու է հաճելի լարվածության մեջ։


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ