«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ լոնդոնցիները 2025/26 մրցաշրջանում կդառնան Անգլիայի չեմպիոն, հայտնում է The Standard-ը:
«Ընդհանրապես չեմ կասկածում, որ «Արսենալն» այս անգամ վերջապես հաջողության է հասնելու: Կարող է տպավորություն ստեղծվել, թե ամեն տարի նույն բանն եմ ասում, բայց այս տարի թիմն իսկապես պատրաստ է չեմպիոնությունը նվաճելուն:
Հիմա կա թիմ, որը պատրաստ է ցանկացած խնդիր լուծելուն: Նախորդ մրցաշրջանում վնասվածք ունեին Հավերցն ու Սական, և այդ հանգամանքը չէր կարող չխանգարել: Այժմ թիմում կան Մադուեկեն ու Էզեն, և պետք չէ մոռանալ նաև Մարտինելիին ու Տրոսարին»,- նշել է Վենգերը:
«Զինագործներն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 8 խաղից հետո 19 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը և 3 միավորի առավելություն ունեն մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


