ՖԻՖԱ-ն դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին 2 տարով որակազրկելու տարբերակը, գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր պաշտոնական կայքում:
Վինիսիուսի դեմ բողոք է ներկայացրել բրազիլական Tiberis Holding ընկերությունը: Բրազիլական ֆուտբոլի 2-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Աթլետիկ» ակումբի բաժնեմասը վաճառվել է ALL Agenciamento Esportivo ընկերությանը, որը պատկանում է Վինիսիուսի հորն ու ֆուտբոլիստի գործակալ Տասիլո Սոարեշին, մինչդեռ Tiberis ընկերությունը մտադրված է եղել օգտագործել ակումբը գնելու առաջնահերթության իր իրավունքը, բայց մերժում է ստացել, ինչից հետո էլ «Աթլետիկի» սեփականատեր է դարձել ALL ընկերությունը: Բողոքի մեջ հիշատակվում է նաև այն հանգամանքը, որ «Աթլետիկի» ֆուտբոլիստ Ռաֆայել Կոնսեյսաոյի տրանսֆերային իրավունքը վաճառվել է «Ալվերկա» ակումբին, որը Վինիսիուսը գնել էր 2025-ի փետրվարին:
ՖԻՖԱ-ի կանոնակարգում արգելված է գործող ֆուտբոլիստի կողմից որևէ ֆուտբոլային ակումբի ուղղակի կառավարումը, հատկապես այն դեպքում, եթե կա շահերի թեկուզ չնչին բախում:


