Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորը ներողություն է խնդրել երկրպագուներից` Ամերիկայի գավաթի խաղարկությունում անհաջող ելույթի համար.
«Սխալները և պարտությունը վերլուծելու ժամանակն է։ Չեմ կարողանում մոռանալ 11-մետրանոց հարվածաշարը։ Անդադար հիասթափություն եմ զգում։
Տղաների խաղին հետևում էի պահեստայինների նստարանից, քանի որ դեղին քարտերի պատճառով որակազրկված էի։ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից. դա իմ մեղավորությունն էր։
Հավաքականի հետ իմ ճանապարհը նոր է սկսվում։ Ես ու խաղընկերներս դեռ ունենալու ենք շանս` հավաքականին իր արժանի դիրքը վերադարձնելու համար։ Մենք լինելու ենք բարձունքում և հասնելու ենք հաջողության»,- սոցցանցերում գրել է Մադրիդի «Ռեալի» 23-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականն Ամերիկայի գավաթի խաղարկությունում պայքարն ավարտեց քառորդ եզրափակիչում և 11-մետրանոցներով պարտվեց Ուրուգվայի թիմին։ Այդ հանդիպումը Վինիսիուսը բաց է թողել որակազրկման պատճառով։


