Logo

Վիճաբանել է Լիամ Դելապի հետ, ռմբարկու է դարձել Հայաստանում. անսպասելի տրանսֆերի հետքերով

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
14:30 / 18.09.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Համլետ Մինասյանը նախորդ մրցաշրջանում «Սյունիքի» կազմում դարձավ Հայաստանի Առաջին խմբի գլխավոր ռմբարկու։ Տրամաբանական էր, որ նման արդյունքից հետո ֆուտբոլիստը կտեղափոխվեր Fastex Պրեմիեր լիգա, սակայն «Վանում» ընդամենը 3 խաղ անցկացնելուց հետո հարձակվողն անսպասելիորեն վերադարձավ Առաջին խումբ։ Հիմա Մինասյանը «Սարդարապատի» ֆուտբոլիստ է։

FastNews-ը 22-ամյա ֆուտբոլիստի հետ զրուցել է անսպասելի տրանսֆերի և այլ թեմաների մասին։

- Զարմանալի էր, որ շատ կարճ տևեց Ձեր կարիերան Չարենցավանում.  ինչո՞ւ հեռացաք «Վանից»։

- Խոսակցություն ունեցա մարզչի հետ, նա ասաց, որ խաղաժամանակ շատ չեմ ստանալու։ Զարգացման համար ինձ խաղաժամանակ է հարկավոր, այդ պատճառով որոշեցի հեռանալ։

- Առաջնության մեկնարկային 3 խաղից 2-ում մեկնարկային կազմում էիք, իսկ մեկում  փոխարինման մտաք։ Հիմա «Վանը» հրավիրել է բրազիլացիների։ Մի՞թե վստահ են, որ նրանք հաստատ ավելի լավ  կդրսևորվեն։

- Փաստորեն։ Ես այդ հարցն Էդգար Թորոսյանին տվել եմ։ Հարցրել եմ, թե ինչու է այդպես, որ առանց գործի մեջ բրազիլացուն տեսնելու այդքան վստահ եք նրանց վրա, իսկ իմ դեպքում այդ ոգևորությունը չկա։ Երբ մարզչի հետ շփվում ես, նրա հոգեբանությունը հասկանում ես։ Նա ինձ խաղաժամանակ տալու միտք չուներ։ Ամեն դեպքում մարզիչն է որոշում։ Նրա կարծիքով՝ այդ որոշումը թիմի օգտին է։

- Լսել էի, որ Ձեզ խնդրել են հեռանալ թիմից։

- Բառացի՝ ո՛չ, բայց երբ ասում են՝ «քիչ ես խաղալու, ավելի լավ է գնաս Առաջին խումբ՝ մշտական խաղաժամանակ ունենալու», արդեն ամեն ինչ հասկանալի է։ Ինքս էլ հասկանում եմ, որ խաղաժամանակ ստանալը, թեկուզ Առաջին խմբում, ավելի նախընտրելի է, քան պահեստային լինելը Պրեմիեր լիգայում։

- Փաստորեն, Ձեզ վերջնագիր չի ներկայացվել։

- Ո՛չ, ես կարող էի մնալ թիմում և լինել պահեստային, բայց եթե մարզիչը չի ուզում ինձ թիմում տեսնել, ես էլ զոռով չեմ մնա։

- Առաջին խմբի ռմբարկուն, որն իր արդյունավետությամբ արժանացել է Պրեմիեր լիգայում շանս ստանալուն, ստիպված է վերադառնալ Առաջին խումբ։ Ինչպե՞ս համակերպվեցիք այդ իրավիճակին։

- Հեշտ չէր, բայց տարբերակ չէր մնացել։ Ես փորձաշրջան անցա «Գանձասարում», հետո առաջարկ ստացա «Վանից»։ Բայց երբ հեռանում էի, արդեն տրանսֆերային պատուհանի վերջին օրերն էին, թիմերն արդեն կազմավորված էին։ Նույնիսկ «Սարդարապատն» էր ավարտել սելեկցիան, բայց որոշեց ինձ հրավիրել։

- Ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը «Սարդարապատ»։

- Ակումբից առաջարկ վաղուց ունեի, բայց փորձում էի թիմ գտնել Պրեմիեր լիգայում։ Երբ «Վանից» որոշեցի հեռանալ, խոսեցի «Սարդարապատի» ներկայացուցիչների հետ, զրուցեցի նաև մարզչի հետ և տեղափոխվեցի այդ ակումբ։

- Մարզիչը ֆրանսիացի Ալեքսանդր Տորեսն է։ Շատերի համար նա դեռ հանելուկ է։ Ինչպիսի՞ մարզիչ է։

- Շատ պրոֆեսիոնալ է, նրա շտաբն էլ շատ ֆուտբոլային է։ Մարզիչը ոչ միայն մարզումներին է ուշադիր, այլ նաև ֆուտբոլիստների վերաբերյալ մյուս գործոններին։

- Իսկ «Սարդարապատն» ինչո՞վ է գրավիչ։

- Մինչև «Սարդարապատ» տեղափոխվելն այնքան էլ ծանոթ չէի ակումբին։ Ֆուտբոլիստներին ճանաչում էի, մի քանիսի հետ խաղացել եմ, բայց թիմին միանալուց հետո եմ հասկացել իրական պոտենցիալը։

- Իսկ մինչև այդ Ձեզ ներկայացրե՞լ էին թիմի նպատակները։

- Բանակցել եմ ակումբի մարզական տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանի հետ: Նա գիտեր, որ առանց թիմ եմ մնացել։ Ասաց, որ այս մրցաշրջանում առաջնային խնդիրը Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելն է։ Ակումբի ծրագրերն էլ երկարաժամկետ են։ Այն պրոֆեսիոնալիզմը, որ կա թիմում՝ սկսած տնօրեններից մինչև մարզիչներ, միայն կարող է լուրջ ու երկարաժամկետ ծրագրերի համար լինել։

- Նախորդ 2 մրցաշրջաններում Դուք «Սյունիքում» էիք և երկու անգամ էլ նվաճեցիք Fastex Պրեմիեր լիգայի ուղեգիր, սակայն ակումբը չցանկացավ այնտեղ բարձրանալ։ 2024թ.  պատճառն առաջին տեղ չգրավելն էր, իսկ 2025թ.՝ Կապանի ստադիոնի անհամապատասխանությունը Պրեմիեր լիգայի չափանիշներին։ «Սյունիքի» այդ որոշումներն ազդեցի՞ն ակումբից հեռանալու Ձեր որոշման վրա։

- Այո՛, ես ուզում էի Բարձրագույն խմբում խաղալ և ակնկալում էի «Սյունիքի» հետ բարձրանալ ուժեղագույն լիգա։ Ստացվեց, որ հիմա էլ Առաջին խմբում եմ, սակայն ստադիոնի խնդիրը «Սյունիքը» դեռ կարող է 2-3 տարի չլուծել, իսկ ես չէի կարող այդքան սպասել։ Հիմա կփորձեմ «Սարդարապատի» հետ բարձրանալ Պրեմիեր լիգա։

- Դուք 1,5 տարի չէիք խաղացել Fastex Պրեմիեր լիգայում, բայց հասցրիք 3 հանդիպում անցկացնել։ Որքա՞ն դժվար էր Առաջին խմբից հետո։

- Շատ մեծ է տարբերությունը։ Արագություններն ուրիշ են, ֆուտբոլն ավելի հասուն է։ Առաջին խմբում հիմնականում երիտասարդներ են խաղում, ինձ համար ավելի հեշտ է։

- Հիմա շատ է խոսվում, որ այս մրցաշրջանում Առաջին խմբի խաղամակարդակը բարձրացել է։ Թիմեր կան, որտեղ  Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ են խաղում, իսկ այդ թիմը կարող է նույնիսկ լավագույն եռյակում չլինել։ Արդյոք զգո՞ւմ եք, որ խաղամակարդակների տարբերությունը նվազել  է։

- Այո՛, հաստատ այնքան ահռելի չէ, ինչպես անցած կամ նախանցած տարի։ «Սարդարապատը» կամ «Սյունիքը» հաստատ կարող է մրցունակ լինել Պրեմիեր լիգայի որոշ ակումբների դեմ։

- Եթե ներկայիս «Սարդարապատը» համեմատենք նախորդ տարվա «Սյունիքի» հետ, որտեղ խաղում էիք, ո՞ր թիմն է ավելի ուժեղ։

- Ինձ թվում է՝ «Սարդարապատը»։ Առաջին հերթին՝ ֆուտբոլիստների անհատական որակներով։

- «Սյունիքում» խաղալու ժամանակ մշտակա՞ն էիք բնակվում Կապանում։

- Այո՛։ Այնտեղ թիմի մթնոլորտը շատ լավն էր։ Թիմակիցներիս հետ ընկերական հարաբերություններ ունեի, նրանցից մի քանիսի հետ վաղուց ենք ծանոթ, եղել ենք թիմակիցներ։ Միակ խնդիրը Բարձրագույն խումբ չբարձրանալն էր։ Մնացած ամեն ինչ ֆուտբոլային էր՝ մարզիչները, տնօրենները...

- Դուք «Սարդարապատում» արդեն 6 գոլ եք խփել և գլխավորում եք ռմբարկուների ցանկը։ Առաջին խմբի նախորդ մրցաշրջանում  էլ աչքի էիք ընկել 21 գոլով։ Այդ ցուցանիշը գերազանցելու խնդիր դրե՞լ եք Ձեր առջև։

- Այո՛, դրել եմ։ Հանուն արդարության՝ այս տարի ավելի հեշտ կարող է լինել, քանի որ խաղերի քանակն է շատացել։ Նախորդ մրցաշրջանում 24 տուր էր, իսկ այս տարի՝ 30։

- Դուք արդեն հասցրել եք շատ մարզիչների հետ աշխատել, որոնցից երկուսի վերաբերյալ համեմատաբար քիչ տեղեկություն ունեմ, և երկուսին ավելի լավ ծանոթ եմ՝ որպես ֆուտբոլիստի, քան մարզչի։ Առաջինը Գևորգ Պողոսյանն է, որի հետ աշխատել եք ԲԿՄԱ-ում և «Արարատում»։ Նա հիմա էլ «Արարատում» է, և կարևոր շատ որոշումներ հենց նա է կայացնում։ Ի՞նչ կարծիքի եք Պողոսյանի մասին։

- Բազմաթիվ դրական կողմերով մարզիչ է։ Գիտի՝ ինչպես շփվել ֆուտբոլիստների հետ, աշխատասեր է, մարզումների ժամանակ շատ լավ է բացատրում։ Լավ բառ կա, որը բնութագրում է նրան՝ «ֆուտբոլային» է։

- Մյուսը Վահագն Մինասյանն է, որի հետ աշխատել եք Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում և ԲԿՄԱ-ում։ Նրան նույնպես լավ ճանաչում են՝ որպես ֆուտբոլիստի, բայց որպես մարզչի՝ շատ առիթներ դեռ չեն եղել:

- Վահագն Մինասյանն իմ կարիերայի լավագույն մարզիչն է։ Ամեն ինչ ֆուտբոլիստին տալիս է՝ թե՛ ֆուտբոլային մտքերով, թե՛ մարզումների ժամանակ և թե՛ խաղերի ընթացքում։ Նա շատ ֆուտբոլային մարդ է։ Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու նրան չեն նկատում և նշանակում Պրեմիեր լիգայի թիմի գլխավոր մարզիչ։ Միգուցե նա չի ուզում, չգիտեմ։ Բայց հաստատ Մինասյանը կարող է և արժանի է նման մակարդակում մարզելուն։

- Դուք կենտրոնական հարձակվող եք։ Իհարկե, երբեմն խաղացել եք նաև եզրում, բայց հիմնականում «9 համարի» դիրքում եք տեղակայվում, և ամենաշատը Ձեզնից են գոլ սպասում։ Գո՞լն է  հարձակվողի լավ խաղի ցուցանիշը։

- Ո՛չ։ Եթե լավ խաղամ, օգուտ տամ և թիմն էլ հաղթի, ապա համարում եմ, որ լավ եմ խաղացել։

- Հարձակվողներ կան, որոնք ասում են՝ եթե գոլ չեն խփում, ուրեմն՝  աշխատանքը լիարժեք չեն կատարել։

- Ես մարզիչներիս հետ խոսել եմ դրա մասին։ Ես էլ կարևորում եմ գոլ խփելը։ Բայց եթե չի ստացվում, սակայն արդյունավետ այլ գործողություններ եմ կատարում, դա ինձ հանգստություն է տալիս։

- 22 տարեկան եք և արդեն մոտավորապես 150 խաղի եք մասնակցել։ Ձեր հայ թիմակիցներից ո՞վ է ամենատաղանդավորը եղել։

- Առաջին հերթին՝ Դավիթ Հակոբյանը։ Նաև կնշեմ Միսակ Հակոբյանին, Ժիրայր Շաղոյանին, Արթուր Սերոբյանին, Նարեկ Հովհաննիսյանին...

- Նարեկի մասին: Շատ հաճելի է, որ նա միշտ առաջ է միտված, ամեն երկրորդ գործողությունը դեպի առաջ է։

- Միշտ է այդպես եղել, սուր ֆուտբոլ է խաղում։ Դավիթն էլ է այդպես։ Ամեն անգամ զարմանում եմ նրա խաղը տեսնելիս, հետո հարցնում եմ՝ ինչպես ես այդպես կարողանում։ Շատ հանգիստ է։

- Հատկապես 11-մետրանոց իրացնելիս։ Աշխարհում հիմա դժվար է նրա ոճով հարվածող այլ ֆուտբոլիստ գտնել։

- Շատերը տեխնիկա ունեն, բայց սառնասրտություն ու հանգստություն չունեն և չեն կարողանում այդպես հարվածել։ Իսկ Դավիթը կարողանում է։

- Մրցակիցներից ո՞ր ֆուտբոլիստն է ամենաշատը տպավորել։

- Լիամ Դելապը, շատ ուժեղ ֆուտբոլիստ է։

- Կարծեմ երկուսդ էլ Մ19 հավաքականների Անգլիա - Հայաստան խաղում կարմիր քարտ էիք ստացել...

- Այո՛, ընդ որում՝ ես հեռացվեցի հենց Դելապի հետ վիճաբանելու համար։ Երկրորդ դեղինը ստացա, իսկ մի քանի րոպե հետո նա էլ երկրորդ զգուշացումով հեռացվեց։

- Սպասո՞ւմ էիք, որ «Չելսիի» մակարդակի թիմ կտեղափոխվի։

- Այո՛, Անգլիայի այդ հավաքականում թույլ ֆուտբոլիստ չկար։ Նրանք բոլորն էլ վաղ թե ուշ որևէ ուժեղ թիմում կլինեն։

- Պորտուգալիայի Մ19 հավաքականի հետ էլ եք խաղացել։ Հիշո՞ւմ եք Ժոաու Նևեշին։

- Իհարկե։

- Խաղի ժամանակ տպավորե՞լ էր։

- Կոնկրետ այդ խաղում՝ ո՛չ, բայց հետո ինձ հիշեցրին, որ նա մեր դեմ էր խաղում։ Շատ լուրջ նվաճումների է հասել Նևեշը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ