Logo

Ո՞վ է Ֆորմուլա 1-ի ապագա չեմպիոնը․ նորեկներ, որոնք ավտոսպորտի ապագան են

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
15:30 / 13.09.2025Ֆորմուլա 1
Բացառիկ
null

Վերջին տարիներին «փակ ակումբի» տպավորություն թողնող Ֆորմուլա 1-ը 2025-ի մրցաշրջանից առաջ մի փոքր փոխեց իր մասին պատկերացումը։ Եթե արքայական ավտոսպորտում դժվար էր գտնել նորեկներ, ապա այս մրցաշրջանից առաջ Ֆորմուլա 1-ը բացեց դռները երիտասարդ պիլոտների առաջ։  

2025թ. մրցաշրջանում ավտոսպորտի ամենահեղինակավոր լիգան ունի միանգամից 6 նորեկ, այսինքն՝ կազմը փոխվել է 30 տոկոսով։ Նախորդ անգամ նման քանակի նորեկներ Ֆորմուլա 1-ն ունեցել է 2009 և 2015 թվականներին։ Առաջին դեպքում պիլոտներից որևէ մեկը չի կարողացել հասնել աշխարհի չեմպիոնության, իսկ ահա 2015-ի նորեկների թվում էր Մաքս Ֆերստապենը․․․

Մի շարք երիտասարդ ու տաղանդավոր տղաներ պարզապես տեղ չունենալու պատճառով ստիպված են եղել զսպել իրենց սպորտային ախորժակը, իսկ նորեկների ներկայիս վեցյակը դեռ շանսեր ունի դրսևորվելու։ Իսկ թե ով կարող է դառնալ նոր Մաքս Ֆերստապեն, կփորձենք հասկանալ հաջորդիվ, բայց նաև պետք է ունենալ որոշակի կողմնորոշիչ՝ պատմության լավագույն դեբյուտների տեսքով։

Նախորդ դարավերջին և երկուհազարականների սկզբում արքայական ատոսպորտում գործում էր այլ միավորային համակարգ, այնպես որ մենք կառաջնորդվենք պատվո հարթակների ու հաղթանակների ցուցանիշով։ Ֆորմուլա 1-ի պատմության մեջ լավագույն նորեկը Լյուիս Հեմիլթոնն է։ Բրիտանացին արքայական ավտոսպորտում հայտնվեց 2008 թվականին և առաջին իսկ մրցաշրջանում ստիպեց իր մասին խոսել հիացմունքով։ Լյուիսն այդ տարի կարող էր իր առաջին չեմպիոնությունը նվաճել, բայց հնարավորությունը բաց թողեց վերջին գրան պրիում՝ չեմպիոն Կիմի Ռայկոնենին զիջելով ընդամենը 1 միավորով։ Այդ տարի Հեմիլթոնը հաղթեց 4 Գրան պրի և ընդհանուր առմամբ պատվո հարթակ բարձրացավ 12 անգամ 17 հնարավորից։  Նույնքան հաղթանակ և 11 պատվո հարթակ էլ իր դեբյուտում նվաճել է Ժակ Վիլնյովը 1996 թվականին։ Այս երկու տղաներն էլ իրենց երկրորդ մրցաշրջաններում դարձել են աշխարհի չեմպիոն։ Վերջին շրջանի նորեկներից էլ փայլել է Օսկար Պիաստրին։ Ընթացիկ մրցաշրջանի առաջատարը 2023 թվականին՝ իր նորամուտի մրցաշրջանում, 2 անգամ բարձրացել է պատվո հարթակ։  

Այս մրցաշրջանի նորեկներից առայժմ լավագույն արդյունքն ունի «Մերսեդեսի» իտալացի պիլոտ Անդրեա Կիմի Անտոնելին։ Նրա համար մեկնարկային պայմանները մի կողմից լավագույնն են, մյուս կողմից՝ վատագույնը։ Նա համալրել է առաջատար թիմերից մեկի կազմը ու միավորներ վաստակելու լավ հնարավորություններ ունի, բայց մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ Անտոնելին փոխարինել է աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին, ինչը վստահաբար հեշտ չէ։ Անդրեան Ֆորմուլա 1-ում մեկնարկեց, երբ դեռ չուներ նույնիսկ վարորդական վկայական։ Ընթացքում նա չափահաս դարձավ ու այդ վկայականը ստացավ, իսկ մրցուղում հասցրեց նվաճել Իմոլայի սպրինտի փոուլը և մեկ անգամ էլ բարձրացավ պատվո հարթակ Կանադայում։ Անտոնելին մյուս մրցաշրջանի համար պաշտոնական պայմանագիր դեռ չունի, բայց մեծ է հավանականությունը, որ նա կմնա «Մերսեդեսում»։ Իսկ թիմը հաջորդ՝ նոր կանոնակարգի պայմաններում կարող է և նորից պայքարել հաղթանակների ու նույնիսկ չեմպիոնության համար։

Պելետոնում կա ևս մեկ նորեկ, որն արդեն հասցրել է բարձրանալ պատվո հարթակ։ Խոսքն Իսակ Հաջարի մասին է, որի արդյունքն էլ ավելի տպավորիչ է, քանի որ նա հանդես է գալիս «Ռեյսինգ Բուլսում»։ Կարիերայի առաջին Դրան պրին Հաջարը նույնիսկ չմեկնարկեց. նա սխալվեց տաքացման շրջանի ընթացքում և վթարվեց։ Ավելի վատ մեկնարկ պատկերացնելը դժվար է, բայց ճակատագիրն Իսակի համար հետաքրքիր անակնկալ ուներ։  Նա պատվո հարթակ բարձրացավ կարիերայի 14-րդ մրցավազքում՝ եզրագիծը հատելով 3-րդը Նիդերլանդներում։ Այս արդյունքով Հաջարը շրջանցեց աշխարհի քառակի չեմպիոններ Սեբաստիան Ֆետելին և Մաքս Ֆերստապենին։ Նրանք ևս «Ռեդ Բուլի» ակադեմիայից են ու իրենց առաջին պոդիումները նվաճել են համապատասխանաբար 22-րդ և 24-րդ Գրան պրիներում։ Հիմա շատ են խոսակցությունները, որ Հաջարը Մաքսի ապագա թիմակիցն է «Ռեդ Բուլում»։ Մի կողից ֆրանսիացին ստանալու է ավելի հզոր բոլիդ՝ հաղթանակի ավելի բարձր հնարավորությումբ, բայց մյուս կողմից էլ պետք է կարողանալ հաղթահարել Մաքսի թիմակիցը լինելու ահռելի ճնշումը։

Հաջորդ հերոսը Լիամ Լոուսոնն է, որը ևս նորեկ է, բայց մյուսների համեմատ՝ մի փոքր փորձառու։ Նա 2023 թվականին մի քանի Գրան պրիի ժամանակ փոխարինեց վնասվածք ստացած Դեն Ռիկիարդոյին, իսկ 2024 թվականի վերջում ընդհանրապես զբաղեցրեց մարտական պիլոտնի տեղը «Ռեյսինգ Բուլսում»։ Այդ Գրան պրիներում նա լավ տպավորություն թողեց, ինչի շնորհիվ էլ նոր մրցաշրջանը մեկնարկեց արդեն «Ռեդ Բուլի» կազմում։ Հենց դա էլ քիչ մնաց կործաներ Լոուսոնի կարիերան։ Նա «Մեծ ցլերի» կազմում անցկացրեց ընդամենը 2 մրցավազք, ոչնչով աչքի չընկավ ու 3-րդ Գրան պրին սկսեց արդեն «Փոքր ցլերի» կազմում։ Սկզբում թվում էր, թե Լիամը կոտրվել է ու վերականգնվել չի կարողանա։ Բայց վերջին շրջանում նորզելանդացին ստաբիլ է, մեծ միավորվեր է հավաքում ու արդեն ունի 20-ը։

Նրան 18 միավորով հաջորդում է Ֆորմուլա 2-ի չեմպիոն Գաբրիել Բորտոլետոն։ 2-րդ լիգայում հաղթելու պարագայում պիլոտը հեռանում է լիգայից ու կարիերայի շարունակության նոր տարբերակ գտնում։ Վերջին շրջանում Գաբին այն քիչ չեմպիոններից է, որը տեղ է ստանում Ֆորմուլա 1-ում։ «Զաուբերը», իհարկե, պելետոնի ամենաթույլ թիմերից է, բայց նույնիսկ այնտեղ Բորտոլետոն տպավորում է։ 16 որակավորումներից 10-ում Բորտոլետոն հաղթել է իր թիմակից Նիկո Հյուլկենբերգին, որը պելետոնի ամենափորձառու պիլոտներից է։ Մրցավազքերում Գաբին 7 անգամ է վերջնագիծը հատել իր թիմակցից շուտ։ Սա հսկայական տաղանդի ու մեծ հեռանկարի վկայությունն է: Հաջորդ տարի «Զաուբերը» վերածվելու է «Աուդիի», իսկ Գաբին մնալու է այնտեղ։ Սարերի հետևում չէ նաև այն օրը, երբ Բորտոլետոն կներկայացնի առաջատար թիմերից մեկը։ Համենայն դեպս, դրա համար նա տաղանդ ունի, իսկ մենեջեր Ֆեռնանդո Ալոնսոն ամեն ինչ կանի՝ այդ տաղանդը չվատնելու համար։

Տպավորում է նաև Օլիվեր Բերմանը։ Պիլոտ, որը նախորդ մրցավազքը մեկնարկեց փիթ-լեյնից ու գրավեց 6-րդ տեղը, և այս ամենը համեստ «Հաասի» կազմում։ Օլին ևս հաղթում է իր փորձառու թիմակցին որակավորման փուլերում՝ 9-7։ Նա հաճախ չի սխալվում և բավականին ստաբիլ է՝ որպես երիտասարդ պիլոտ։ Բերմանը համարվում է «Ֆերարիի» ակադեմիայի սան ու «Հաասում» էլ հայտնվել է իտալական թիմի շնորհիվ։ Նա հիմա առաջին երիտասարդն է, որը թակում է «Ֆերարիի» դռները, ու մեծ է հավանականությունը, որ առաջիկա տարիներին կստանա իր շանսը Սկուդերիայում։ Մինչև այդ պետք է զինվել համբերությամբ ու կուտակել փորձ, որը հսկայական կարևորություն ունի, երբ երթևեկում ես 350 կմ/ժ-ից ավելի արագությամբ։

Իսկ վերջում անդրադառնում ենք «Ալպինի» նորեկների զույգին։ Ֆրանսիական թիմում մրցաշրջանը սկսեց Ջեք Դուենը, որն անցկացրեց ընդամենը 6 մրցավազք ու հեռացվեց՝ առանց վաստակած միավորի։ Նրան փոխարինեց արգենտինացի Ֆրանկո Կոլապինտոն, որը ևս դեռ միավոր չի վաստակել, թեև անցկացրել է 10 մրցավազք։ Իհարկե, «Ալպինն» այս մրցաշրջանում Ֆորմուլա 1-ի վատագույն ուժն է, բայց նույնիսկ այս բոլիդով թիմի առաջին պիլոտ Պիեր Գասլին հավաքել է 20 միավոր։ Դուենն ու Կոլապինտոն, բնականաբար, տաղանդավոր են, բայց կա տպավորություն, որ նրանք սխալ ժամանակ հայտնվել են սխալ տեղում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ