Ռուսական «Կրասնոդարի» երիտասարդական թիմի կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանն առաջին անգամ հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական, որն առաջիկայում կսկսի պատրաստվել Թուրքիայի թիմի դեմ 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպմանը։
18-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ 187 սմ հասակ ունեցող պաշտպանն այս մրցաշրջանից առաջ է միացել «Կրասնոդարի» երիտասարդական թիմին։ Ռուսաստանի մինչև 21 տարեկանների առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գեորգի Հարությունյանը մասնակցել է 13 խաղի (12-ը՝ մեկնարկային կազմում), խաղադաշտում անցկացրել 1110 րոպե ու դարձել մեկ գոլի հեղինակ։
2019 թվականին Գեորգի Հարությունյանը հրավիրվել է Ռուսաստանի մինչև 16 տարեկանների հավաքական, 2021-ին խաղացել է Մ17, իսկ 2022-ին՝ Մ18 թիմում։ Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմում նա անցկացրել է 9 հանդիպում։ Transfermarkt-ը Հարությունյանի տրանսֆերտային արժեքը գնահատում է 50 հազար եվրո։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մարտի 7-ին հրապարակել է ազգային թիմ հրավիրված այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ելույթ են ունենում արտերկրում։ Գեորգի Հարությունյանից բացի, առաջին անգամ հրավեր էր ստացել նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։
Հայաստանի հավաքականը թուրքերին կընդունի մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Այդ խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։ Եվրո-2024-ի ընտրական փուլում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի մրցակիցներն են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։


