Երևանում անցկացվել են թենիսի կանանց և տղամարդկանց, ինչպես նաև մինչև 12 և 16 տարեկան պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնությունները։ Հոկտեմբերի 3-ից Երևանում կվերսկսվեն պատանեկան միջազգային մրցաշարերը, իսկ նույն ամսվա 24-ից Ծաղկաձորում կանցկացվեն մինչև 14 և 16 տարեկանների միջազգային մրցումներ։ Այդ մասին VNews-ին հայտնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն և գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանը։
Կանանց Հայաստանի չեմպիոն է հռչակվել Արևիկ Թումանյանը, որը եզրափակիչում 6։2, 6։2 հաշվով հաղթել է Ալլա Անտոնյանին։ Երրորդ մրցանակակիր է դարձել Էմմա Վարդանյանը։
Տղամարդկանց առաջնությունն ավարտվել է Հայաստանի առաջին ռակետ Միքայելի Ավետիսյանի հաղթանակով։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի որդին եզրափակիչում 6։4, 6։3 հաշվով առավելության է հասել Արթուր Սողոյանի նկատմամբ։ Մրցանակային եռյակը եզրափակել է 15-ամյա Էրիկ Տիրացվյանը։
Կանանց զուգախաղում մրցակցությունից դուրս էին Անի Ամիրաղյանը և Սյուզաննա Մուրադյանը, որոնք եզրափակիչում պարտության են մատնել Արևիկ Թումանյանին և Ալլա Անտոնյանին՝ 6։1, 6։1։ Երրորդ տեղում է Մարիամ Ղազարյան - Էմմա Վարդանյան զույգը։
Տղամարդկանց զուգախաղի հաղթող են դարձել Արթուր Սողոյանը և Արման Մուրադյանը, որոնք որոշիչ մրցավեճում 6։2, 6։2 հաշվով ուժեղ են գտնվել Աշոտ և Արտաշես Գևորգյան եղբայրներից։ Երրորդ մրցանակը նվաճել են Խաչատուր Խաչատրյանը և Արման Հարությունյանը։
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցումների եզրափակիչում Մարիա Ազիզյանը հաղթել է Նանե Սարգսյանին (6։2, 6։1)։ Երրորդ տեղը գրավել է Վերա Մարտիրոսյանը։ Տղաների մրցաշարում առաջինն է ճանաչվել Ալբերտ Ազնավուրյանը, որը եզրափակիչում հաղթել է Խաչատուր Ավետիսյանին՝ 6։3, 4։6, 6։2։ Երրորդ տեղում Առնո Ավետիսյանն է։ Զուգախաղի հաղթողներն են Մարիա Ազիզյանը և Նանե Սարգսյանը, ինչպես նաև Ալբերտ Ազնավուրյանը և Առնո Ավետիսյանը։
Մինչև 16 տարեկան աղջիկների առաջնության հաղթողն է Լիլիթ Անտոնյանը։ Երկրորդ տեղում է եզրափակիչում նրան 2։6, 1։6 հաշվով պարտված Տաթևիկ Բաբուռյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մարիա Գիքինյանը։ Զուգախաղի չեմպիոն են դարձել Սոֆի Գիդաչյանը և Մարիա Գիքինյանը։
Պատանիների պայքարում հաղթել է Էրիկ Տիրացվյանը, որը եզրափակիչում 3 սեթում պարտության է մատնել Ավետիք Ղազարյանին՝ 6-7, 6-3, 6-4։ Երրորդ տեղը գրավել է գյումրեցի Սամվել Աղայանը։ Տղաների զուգախաղ չի անցկացվել։
Գևորգ Կարամանուկյանն, ամփոփելով առաջնությունները, նշեց հետևյալը. «Հանդիպումների որակից ընդհանուր առմամբ գոհ ենք։ Սակայն, ես ամենաշատը կարևորում եմ միջազգային մրցումներին մասնակցությունը։ Տարեվերջին կամփոփենք մրցաշրջանի արդյունքները և, հիմնվելով տեղական ու միջազգային մրցաշարերում մարզիկ-մարզուհիների գրանցած արդյունքներին, կհաշվարկենք նրանց վարկանիշը։ Հենց այդ ընդհանուր գործակցով էլ կորոշենք հավաքականների կազմերը»։
Նա տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթներին Երևանում հաջորդաբար անցկացվելու է պատանիների և աղջիկների միջազգային երեք մրցաշար. հոկտեմբերի 3-10-ը՝ մինչև 14 տարեկանների (Թենիսի եվրոպական ասոցիացիայի հովանու ներքո), 10-17-ը և 17-24-ը՝ մինչև 18 տարեկանների (երկուսն էլ՝ միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո)։ Հոկտեմբերի 17-23-ը Ծաղկաձորում նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի մինչև 14 և 16 տարեկանների հավաքականների համատեղ հավաք, որին հաջորդելու են այդ տարիքային խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային մրցաշարերը։ Դրանք ընդգրկված են «Թենիս Եվրոպայի» օրացուցային պլանում և ենթադրում են նաև այլ երկրների ներկայացուցիչների մասնակցություն։


