Դատարանի կողմից արդարացված անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդին թիմ չվերադարձնելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վճարի ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված ամբողջական աշխատավաարձը: Անգլիական ակումբը չի կարող խզել պայմանագիրը, քանի որ դա անօրինական է:
Ըստ Capology-ի՝ նախորդ մրցաշրջանի դրությամբ Գրինվուդի շաբաթական աշխատավարձը կազմում է 75000 ֆունտ ստերլինգ: 21-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Մինչև այդ ժամկետը մնացել է 125 շաբաթ, Գրինվուդից բաժանվելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է նրան վճարի 9,37 միլիոն ֆունտ ստերլինգ:
Անգլիայի 20-ակի չեմպիոնը դեռ որոշում չի կայացրել անգլիացու ապագայի վերաբերյալ։ «Մանչեսթեր Յունայթեդում» կարծում են, որ Գրինվուդին վերադարձնելը կարող է ազդել ակումբի հեղինակության վրա։
Հիշեցնենք, որ Մեյսոն Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, գլխավոր թիմում խաղում էր 2019 թվականի հուլիսից մինչև նախորդ տարվա փետրվար, երբ նրան մեղադրանք առաջադրվեց: Անգլիացին մեղադրվում էր ընկերուհուն ծեծելու և բռնաբարելու մեջ։


