Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը խոստովանել է, որ պատրաստվում է 3 տարի ժամանակ տրամադրել թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հարցին, թե բրիտանացի միլիարդատերն արդյոք պատրաստվո՞ւմ է 3 տարի ժամանակ տրամադրել Ամորիմին, Ռեթքլիֆը պատասխանել է. «Այո՛: Երեք տարի, քանի որ ամեն ինչ չի լինում մեկ գիշերվա ընթացքում»:
Նա նաև վերհիշել է լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած փառահեղ ժամանակահատվածի գորշ մեկնարկը. «Հիշում եմ այն ճնշումները, որոնք պահանջում էին սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռացումը նրա առաջին երկու տարիների ընթացքում։ Նայեք Արտետային «Արսենալում», նա դժվար ժամանակներ է ունեցել իր առաջին երկու տարիների ընթացքում»:
Պորտուգալացի Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2024 թվականի նոյեմբերից: Կողմերի պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականին: Ստացվում է, որ ըստ Ռեթքլիֆի խոսքի՝ Ամորիմը պաշտոնավարելու է առնվազն մինչև գործող պայմանագրի ժամկետի ավարտը:
Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրել է 50 խաղ՝ մեկ խաղում վաստակելով միջինը 1.38 միավոր:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


