Logo

Որտեղի՞ց է ծագում «յոթերորդ երկինք» դարձվածքը

Հեղինակ
tigran5
00:00 / 24.11.2021Լուրեր
դարձված - Որտեղի՞ց է ծագում «յոթերորդ երկինք» դարձվածքը

Ինչպե՞ս ավելի պատկերավոր ասել «չափազանց երջանիկ, անսահման ուրախ լինել»։ Կդիմենք, իհարկե, դարձվածքների օգնությանը, որոնք խոսքը դարձնում են արտահայտիչ, հարուստ ու կենդանի։

Կռահեցի՞ք, թե ո՛ր դարձվածքի մասին է խոսքը։

Այո՛, «չափազանց երջանիկ լինել» ասելու փոխարեն կարելի է ասել «յոթերորդ երկնքում լինել»։               

  • «Ես յոթերորդ երկնքում էի իմ առաջին հաղթանակի կապակցությամբ»։

Ինչո՞ւ հատկապես «յոթերորդ» երկնքում, որտեղի՞ց է ծագում այս դարձվածքը։

Երբեմն լեզվակիրները, առօրյայում գործածելով այս կամ այն դարձվածքը, չեն իմանում դրա ծագումը, պատմությունը։

Այսպես…

Հնում, շա՜տ հնում՝ անտիկ ժամանակներում, մարդիկ կարծում էին, որ տիեզերքի կենտրոնում Երկիր մոլորակն է, իսկ մյուս յոթ մոլորակները (այն ժամանակ մնացյալ մոլորակների մասին ոչինչ չգիտեին) շրջապատում են նրան։

Հավատում էին, որ ամեն մոլորակ ունի իր «երկինքը», հետևապես ամենահեռու,  ամենաբարձր՝ յոթերորդ երկնքում՝ հրեշտակների ու Աստծո բնակատեղիում, երջանկության գագաթնակետն է։

Հետագայում էլ այդ ընկալումը իր դրսևորումներն է ունեցել մի շարք կրոններում և իր արտացոլումը գտել շատ լեզուներում։

Հայերենում այս «երկնային» դարձվածքը ճկուն է․ գործածվելով տարբեր բայերի հետ՝ ձեռք է բերում արտահայտչական նրբերանգներ։ Այսպես՝

  • յոթերորդ երկնքում լինել

«Անուշը յոթերորդ երկնքում էր. երջանիկ վերադարձավ տուն»։

  • յոթերորդ երկնքում զգալ

«Գրական երեկույթներից հետո սկսնակ բանաստեղծն իրեն զգում էր յոթերորդ երկնքում»:

  • յոթերորդ երկնքում հայտնվել

«Ցնծալի լուրը լսելուց հետո ուրախությունից հայտնվեց յոթերորդ երկնքում»:

  • յոթերորդ երկնքում երևակայել

«Այդպիսի պահերին ուսուցչուհին իրեն երևակայում էր յոթերորդ երկնքում»։

  • յոթերորդ երկինք բարձրանալ

«Անսպասելի հաջողության պահին իսկույն բարձրացավ յոթերորդ երկինք»։

 

Իսկ ահա յոթերորդ երկինք բարձրացնել-ը նշանակում է «գովաբանել, մեծարել», որի հոմանիշն է յոթերորդ երկինք հանել։

«Դուք նրանց անհիմն յոթերորդ երկինք եք բարձրացնում»։

Արևմտահայերենում յոթերորդ երկինք թռիլ-ը նշանակում է «իրեն բարձրերում պահել, մեծամտանալ»։

Գործածե՛ք դարձվածքներ, տպավորե՛ք զրուցակցին։

 

աղբյուր՝ Լեզվի կոմիտե


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա