Ավարտված ակումբային մրցաշրջանի գլխավոր տրանսֆերը Ջուդ Բելինգեմի՝ «Ռեալ» տեղափոխությունն էր: Մադրիդում նա անցկացրեց երազանքների նորամուտի մրցաշրջան. 23 գոլ, 13 ասիստ, Չեմպիոնների լիգայի գավաթ ու Լա լիգայի տիտղոս: Եվ այս ամենի շնորհիվ 20-ամյա անգլիացի կիսապաշտպանը հավակնում է «Ոսկե գնդակ» մրցանակին:
Եվրո-2024-ում էլ Բելինգեմի սկիզբը խոստումնալից էր. Սերբիայի հավաքականի հետ առաջին տուրի խաղում նա դարձավ գոլի հեղինակ ու տպավորիչ ելույթ ունեցավ: Սակայն խմբային փուլի վերջին 2 խաղերում նա անճանաչելի է դարձել ու կարծես լինի ոչ թե Ջուդ Բելինգեմը, այլ Ջուդ Բելինգեմի ստվերը, ինչի մասին հստակ փաստում են թվերը:

Եթե սերբերի հե խաղում Բելինգեմը գնդակին հպվել է 90 անգամ ու 70 փորձից կատարել է 67 ճշգրիտ փոխանցում, ապա Դանիայի հավաքականի դեմ նա գնդակին կատարել է ընդամենը 63 հպում, 44 փորձից էլ 41 ճիշտ փոխանցում է կատարել: Սլովենիայի հավաքականի դեմ անգլիացին 8 սխալ փոխանցում է կատարել, իսկ հարձակման մեջ գրեթե չի ունեցել ներգրավվածություն. ոչ մի առանցքային փոխանցում և ոչ մի հարված:
Բելինգեմն իր ելույթներով խոստանում էր փայլել Եվրոպայի այս առաջնությունում, բայց նրա խաղում հարցերն ավելի շատ են, քան հիացմունքը: Դա կարող է ունենալ տարբեր պատճառներ:
Սաութգեյթը չի գտնում նրա համար ճիշտ դիրքը
Եվրո-2024-ի խմբային փուլի ընթացքում ամենաքննարկվող անունը Գարեթ Սաութգեյթն է: Անգլիայի հավաքականը հերթական անգամ մեծ մրցաշարի է մոտենում սուպերկազմով, բայց եթե ոչ արդյունքներով, ապա խաղով կրկին հիասթափեցնում է երկրպագուներին:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի բազմաթիվ ու ամենակարևոր խնդիրներից մեկը Բելինգեմի համար ճիշտ դիրք գտնելն է: Թղթի վրա Ջուդը հանդես է գալիս 10 համարի դիրքում՝ կարելի է ասել այնտեղ, որտեղ նա հաջողությամբ խաղում էր «Ռեալում», բայց դա միայն թղթի վրա: Իրականում Բելինգեմն ու Ֆոդենը խաղի ընթացքում գրեթե չդադարող ռեժիմով փոխվում են դիրքերով:
Սերբիայի դեմ մրցավեճում Ֆոդենը «անջատվեց» խաղից՝ ժամանակի մեծ մասն անցկացնելով ձախ եզրում: «Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից մեկի լավագույն մարզավիճակը պակաս կարևոր չէ Սաութգեյթի համար, ուստի՝ անգլիացի մասնագետը որոշեց մեծացնել Ֆիլի ներգրավվածությունը խաղում՝ նրան երբեմն տեղափոխելով կենտրոն: Դա որոշակի արդյունք տվեց, հատկապես՝ Սլովենիայի դեմ խաղում, բայց՝ միայն Ֆոդենի համար, թեև գոլերի ու ասիստների բացակայության պայմաններում նրա հասցեին էլ քննադատությունները շարունակվում են, նրանից շատ ավելին են պահանջում:
Սաութգեյթի այս որոշումը բացասաբար անդրադարձավ Բելինգեմի խաղի վրա. ստացվեց այնպես, որ երկու ֆուտբոլիստներն էլ, հստակ դիրք չունենալով խաղադաշտում, ոչ փայլում են ձախ եզրում, ոչ էլ խաղարկողի դիրքում:

Բելինգեմն ու Ֆոդենն աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից են, բայց խմբային փուլի խաղերից հետո անգլիացիների համար բավականին ցավոտ դեբատ է առաջացել. գուցե նրանք անհամատեղելի՞ են խաղադաշտում: Այս դեբատն առկա էր նաև տարիներ առաջ, երբ Ֆրենկ Լեմպարդն ու Սթիվեն Ջերարդն իրենց լավագույն որակները չէին դրսևորում Անգլիայի հավաքականում՝ միաժամանակ գտնվելով խաղադաշտում: Թվում է՝ երկու ֆուտբոլիստների համար էլ լավագույն դիրքը Հարի Քեյնի թիկունքում խաղալն է, իսկ Անգլիայի հավաքականին անհրաժեշտ է նոմինալ ձախ եզրային հարձակվող:
Սերբիայի դեմ խաղից հետո Բելինգեմին պահեստայինների նստարանին թողնելն աբսուրդ էր թվում, բայց երկրորդ ու հատկապես երրորդ խաղից հետո Ֆոդենը, կարծես, մարզավիճակով շրջանցել է նրան: «Սիթիի» ֆուտբոլիստը ընտանեկան պատճառներով հայրենիք վերադառնալուց հետո դարձյալ հավաքականի ճամբարում է, մեծ հավանականությամբ, կմասնակցի Սլովակիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի խաղին: Ֆոդենի հնարավոր բացակայությունը վերջնականապես կարող էր ընդգծել՝ որքանով է Բելինգեմը ցույց տալիս իր մարզավիճակն առանց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի՝ խաղադաշտում գտնվելու:
Էներգիայի վատնում, ինտենսիվության պակաս, վնասվածքների հետևանքներ
«Կարծում եմ՝ նա շատ է վազում անհույս և կորած գնդակների հետևից: Երբեմն տեսնում ենք, թե ինչպես է նա անտեղի արագացումներ զարգացնում: Իրականում՝ դա հասկանալի է. նա վճռական է, յուրաքանչյուր գնդակ հաղթելու, խլելու ցանկությունից վառվում է, ուզում է օգնել թիմին, բայց երբեմն պիտի խնայի իր էներգիան խաղի մնացած հատվածի համար: Դա փորձի պակասի մասին է խոսում, նա ընդամենը 20 տարեկան է»,- նշում է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը The Rest Is Football պոդքասթի ժամանակ:

Եվ իսկապես, Բելինգեմը կարևորագույն պահերին չի փայլում ինտենսիվությամբ, մենապայքարներում պարտվում է՝ չնայած փորձում է լինել խաղադաշտի գրեթե բոլոր հատվածներում: Եթե «Ռեալում» նախորդ մրցաշրջանում նրա առաջադրանքն ավելի առջևից խաղալն ու նաև ավելի շատ գոլեր խփելն էր, ապա հավաքականում նրանից պահանջվում է լինել «ավելի կիսապաշտպան»:
Բելինգեմի մարզավիճակի վրա, հնարավոր է, ազդել են վնասվածքները և հոգնածությունը: Նա ավելի քան 3600 րոպե է անցկացրել դաշտում և «Արքայական ակումբում» 4-րդն է խաղաժամանակի քանակով՝ զիջելով միայն Ֆեդե Վալվերդեին, Ռոդրիգոյին ու Անտոնիո Ռյուդիգերին, ու այս երևույթը նորություն չէ Ջուդի համար: Անգլիացին պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշել է 16 տարեկանում: Մինչև 20 տարեկան դառնալը կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 15000 րոպե: Համեմատության համար կարող ենք վերցնել Ուեյն Ռունիի օրինակը, որը մինչև 20 տարեկանն անցկացրել էր 11000 րոպե, Լեմպարդը Բելինգեմի համեմատ այդ տարիքում՝ 3000 րոպե ավելի քիչ, Բեքհեմը՝ 1000 րոպե պակաս:
Բելինգեմն ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածում նաև վնասվածքներ ստացավ, ինչը էականորեն ազդեց ոչ միայն նրա խաղի որակի վրա, այլ նաև դուրս թողեց շարքից որոշ ժամանակով: Կիսապաշտպանը «Ռայո Վալեկանոյի» հետ մրցավեճի ընթացքում այնպիսի վնասվածք ստացավ, որ նրա ուսը դուրս ընկավ տեղից: Մի քանի խաղ բաց թողնելուց հետո նա վերադարձավ խաղադաշտ, բայց մրցաշրջանի ամբողջ ընթացքում ուսի ցավերը խանգարում էին: Կա հավանականություն, որ Եվրո-2024-ի ավարտից հետո անգլիացին վիրահատության կենթարկվի:

Անգլիացին «Ժիրոնայի» հետ փետրվարին կայացած խաղում ծնկի վնասվածք ստացավ ու մեկ ամիս բաց թողեց: Այս վնասվածքների ու գուցե հյուծվածության պատճառով Բելինգեմը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի կարևորագույն խաղերում չփայլեց, ու ի դեպ, «Ոսկե գնդակի» մրցավազքում արդեն զիջում է իր թիմակից Վինսիուիսին: Կարծես՝ ֆիզիկական ոչ այնքան լավ մարզավիճակն ազդում է նաև Բելինգեմի խաղի վրա նաև Եվրո-2024-ի ընթացքում:
Հետևություն
Բելինգեմը մեկ անգամ չէ ապացուցել, որ նա այլ «նյութից» պատրաստված հրեշ է, իր սերնդի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը, եթե ոչ ամենատաղանդավորը: Բայց նրա այդ տաղանդը և տվյալները խնամել ու փայփայել է անհրաժեշտ: Դա պետք է անի թե՛ հենց ինքը, թե՛ մարզիչը: Իհարկե՝ ոչ ոք չի ցանկանում լինել Բելինգեմին ռոտացիայի ենթարկող մարզիչը՝ նույնիսկ, եթե դա հենց ֆուտբոլիստի և թիմի շահերից է բխում: Այնուամենայնիվ՝ մի բան ակնհայտ է. Սաութգեյթին լավագույն Բելինգեմն է անհրաժեշտ, քանզի դեպի Բեռլին տանող բանալին նաև հենց նրա ձեռքում է:
Ֆավորիտների անշուք խաղից մինչև սենսացիա կերտողներ. Եվրո-2024-ում լռություն է փոթորիկից առաջ
Վրացական երազանք. Ինչպես միջազգային բորսա մտնելու ուղեգիր վաստակել


